«Եվրատեսիլ-2014». Ղրիմի համար կարող են Ռուսաստանին հեռացնել մրցույթից

12:06   19 ապրիլի, 2014

Կոպենհագենում մայիսին կայանալիք «Եվրատեսիլ» մրցույթում Ռուսաստանը ներկայացնող մասնակիցների շուրջ սկանդալ է հասունանում։ Տոլմաչեւա քույրերի Shine երգում անգլիական լրագրող Ուիլյամ Լի Ադամսը թեժ քննարկումների թեմա է գտել։ Կոմպոզիցիայում Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունների վերաբերյալ ակնարկ են նկատել:

Wiwibloggs.com-ի լրագրողի խոսքով, ստեղծագործության մեջ տող կա, որը Ղրիմի մասին է։ Մասնավորապես, երկրորդ քառատողում «Living on the edge, closer to the crime - cross the line a step at a time»-ն իր ականջին լսվում է ոչ թե «the crime» (հանցագործություն), այլ Ռուսաստանին միացած թերակղզու անունը՝ Crimea (Ղրիմ)։

Այդպիսով, Ադամսը վստահ է. երգը «Ռուսաստանից Ղրիմին ուղղվցած քողարկված սիրային նամակ է»։ Նա մեկնաբանում է երգի յուրաքանչյուր տողը՝ դրանց մեջ գտնելով Պուտինի՝ թերակղզու միացմանն ուղղված ծրագրի քողարկված ակնարկները։

Ռուսական Heat.ru պարբերականը պնդում է, որ «մրցույթի բազմաթիվ երկրպագուներ եւ երաժշտական քննադատներ» աջակցել են Ադամսին եւ «Եվրատեսիլ» մրցույթի կազմակերպչական կոմիտեին կոչ են անում Ռուսաստանին արգելել մասնակցել երաժշտական մրցույթին։ Բայց, ըստ պարբերականի, կազմկոմիտեն չի արձագանքում կոչերին։ Հրատարակությունը նույնիսկ կատարողներին է տեղեկացրել կասկածների մասին, եւ նրանք պատասխանել են, որ քաղաքականությունն իրենց չի վերաբերվում․ «Օյ, ինչ ասես՝ խոսում են, նույնիսկ այն, որ մենք երգում ենք նաեւ. «Մոսկվա, ես չէի ցանկանում ճնշել»։ Մարդիկ պարզապես իրենց համար ինչ-որ բան են հնարում, այդ պատճառով այդպես է ստացվում»։

Տոլմաչեւաներն ավելացրել են, որ մեծ թափով պատրաստվում են Կոպենհագեն մեկնելուն, իսկ օրերս նրանք զգեստներն են փորձելու, որոնց դիզայները Ուլյանա Սերգեյենկոն է։ Աղջիկներն այդ զգեստով ներկայանալու են մայիսի 6-ին, առաջին կիսաեզրափակչում։

Հիշեցնենք, որ 59-րդ «Եվրատեսիլ»-ը տեղի է ունենալու Դանիայում, 2014 թվականի մայիսի 6-ից 10-ը։



© NEWS.am STYLE