Ի գիտություն աղջիկների. սպիտակ կավից մաքրող դիմակ յուղոտ մաշկի համար

19:01   22 ապրիլի, 2014

Կավի ճանաչված տեսակներից է հենց սպիտակ կավը կամ, ինչպես այն կոչում են, «կաոլինը»: Սպիտակ կավի առանձնահատկությունն այն է, որ նրա կառուցվածքը շատ նուրբ ու փափուկ է, ինչն էլ պակաս կարեւոր չէ մաշկի խնամքի հարցում: Այն նույնիսկ լցնում են երեխաների համար նախատեսված մաշկը խնամող փոշու մեջ:

Սպիտակ կավը բնական նյութ է, որը պարունակում է կալիում, ֆոսֆոր, ծծումբ, երկաթ, յոդ եւ այլ արժեքավոր տարրեր: Այդ դեղին կամ մոխրագույն երանգով սպիտակ փոշին օգտակար հատկություններով է օժտված եւ հարմար է ցանկացած տեսակի մաշկի խնամքի համար:

Սպիտակ կավից դիմակներն օգտակար են հատկապես յուղոտ մաշկի համար: Դրանց կանոնավոր օգտագործումը փոքրացնում է ծակոտիներն ու նվազեցնում յուղայնությունը: Արդյունքում կարգավորվում է նյութափոխանակության գործընթացը, մաշկը մաքրվում է, տոնուս ստանում եւ առողջ տեսք ձեռք բերում, իսկ բջիջների վերականգնման գործընթացն արագանում է:

Յուղոտ մաշկի մաքրող կոսմետիկ դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ է

1 ճ/գ սպիտակ կավի փոշի;

3 ճ/գ յոգուրտ կամ կեֆիր;

1 թ/գ կիտրոնի հյութ;

1 թ/գ մանրացրած մաղադանոս:

Սպիտակ կավի փոշին խառնել յոգուրտի կամ կեֆիրի հետ, հարել այնքան, մինչեւ թթվասերի խտության զանգված ստանալ: Խառնուրդին ավելացնել մաղադանոսն ու կիտրոնի հյութը: Ստացված դիմակը քսել դեմքին եւ թողնել 15 րոպե, հետո  սառը ջրով լվանալ:

Աղբյուրը՝ liza.ua



© NEWS.am STYLE