Ումա Թուրմանը երկրորդ անգամ բաժանվել է 51-ամյա ֆրանսիացի միլիոնատիրոջից

11:34   21 ապրիլի, 2014

Հոլիվուդյան դերասանուհի Ումա Թուրմանը բաժանվել է իր փեսացուից՝ ֆրանսիական 51-ամյա միլիոնատեր Արկի Բյուսոնից: Ըստ Daily Mail-ի, 43-ամյա Ուման եւ Արկին պետք է ապրիլին 8-ին միասին մասնակցեին գալա-երեկույթի, սակայն դերասանուհին եկել է միայնակ եւ առանց ամուսնական մատանու: Արկիի անունը նույնպես եղել է հրավիրյալների ցուցակում, սակայն նա չի եկել, իսկ պատճառը մեկը կարող է լինել. նա բաժանվել է դերասանուհուց:

Կայքի եւս մեկ աղբյուրի համաձայն, «Ուման ապրում է Նյու Յորքում, իսկ Արկին՝ Լոնդոնում: 2013 թվականի նոյեմբերից նրանք միասին չեն ներկայացել հանրությանը: Հելոուինի երեկույթին էլ Բյուսոնը մենակ է եկել: Այս տարի նրանք միասին մասնակցել են մի քանի միջոցառման: Մասնավորապես՝ փետրվարին կազմակերպված BAFTA-ի երեկույթին, որը կազմակերպել է Հարվի Վայնշթեյնը: Եվ նրանք չափազանց ապերջանիկ տեսք ունեին»:

Այդպիսով, Ումա Թուրմանը ֆրանսիացի մագնատից բաժանվել է երկրորդ անգամ: Հիշեցնենք, որ զույգը սկսել է հանդիպել 2007 թվականից, իսկ 2009-ին դերասանուհին Բյուսոնին է վերադարձրել 8 կարատանոց ադամանդով նշանադրության մատանին՝ հրաժարվելով ամուսնության գրավիչ առաջարկից:

2012 թվականին Թուրմանն ու Բյուսոնը երկրորդ անգամ են նշանվել եւ դուստր ունեցել՝ Ռոզալինդային: Դրանից հետո Ումային ոչ մի անգամ առանց ամուսնական մատանու չէին տեսել:

Լուսանկարները՝ EPA-ի



© NEWS.am STYLE