«Փորձելու ենք այնպես անել, որ մեր ծրագիրն ամենալավը լինի». Սոնա Ռուբենյանը՝ «Նոր ալիք» մրցույթի մասին

11:01   21 ապրիլի, 2014

NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է, որ օրերս Մոսկվայում կայացած «Նոր ալիք 2014» մրցույթի կիսաեզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացնող հինգ մասնակիցներից եզրափակիչ փուլ է անցել եւ մրցույթում մեր երկիրը ներկայացնելու իրավունք ձեռք բերել երգչուհի Սոնա Ռուբենյանը: Սոնան երեկ գիշերը վերադարձել է Երեւան եւ NEWS.am STYLE-ին պատմել մրցույթից ստացած իր տպավորությունների եւ հետագա անելիքների մասին:

Մեզ հետ զրույցում Սոնան նշեց, որ ելույթ է ունեցել երկու օր: «Առաջին օրը կատարել եմ Ռիհանայի «Man Down» եւ հեղինակային «Իրական պատրանք» երգերը: Առաջին փուլից հետո պարզ դարձավ, որ երկրորդ փուլ ենք անցել ես, Լենա Ղազարյանը եւ Վալերա Մայրումյանը: Երկրորդ օրը  կատարեցի Փինկի «Try», Յուլիա Սավիչեւայի «Прости за любовь » եւ Անուշիկ Ալավերդյանի «Երեւի սիրում եմ քեզ» երգերը»,- նշեց երգչուհին՝ հավելելով, որ ժյուրիի կազմում էին Ֆիլիպ Կիրկորովը, Իգոր Կրուտոյը, Իրինա Դուբցովան եւ այլք:


Երգչուհու խոսքով՝ Մոսկվա չէր մեկնել պարզապես մրցույթին մասնակցելու համար, սակայն ամեն արդյունքի պատրաստ էր: «Քանի որ մրցույթ է, բացի այդ, մյուս մասնակիցներն էլ հզոր էին: Ամեն դեպքում՝ գնացել էի լավ ելույթի համար ու, կարծում եմ, ստացվեց: Երգելիս չեմ մտածել ոչ մի բանի մասին, մտածել եմ ուղղակի լավ երգելու, լավ ներկայանալու մասին»,- ասաց երգչուհին:

Սոնա Ռուբենյանը չի կարող ասել, թե ինչ զգացողություններ ունեցավ, երբ հայտարարեցին, որ ինքն է անցնում մրցույթի եզրափակիչ փուլ. «Չեմ կարող բացատրել, թե դրանք ինչ զգացողություններ են, չէի հավատում: Երբ եզրափակչի մասնակիցներին հրավիրեցին բեմ, անգամ չեմ տեսել, թե ինձ հետ ովքեր են անցել»:

«Նոր ալիք 2014»-ի հայաստանյան մասնակիցը երկու շաբաթ ունի, որպեսզի մրցույթում կատարելիք երգերը վերջնական ներկայացնի:

«Այսօրվանից սկսելու եմ աշխատել երգերի եւ ծրագրի ուղղությամբ: Շատ մարդիկ են ինձ օգնում, կարող եմ նշել Անդրեի անունը, ով միշտ պատրաստակամ է նման հարցերում: Շատ շնորհակալ եմ նրան: Փորձելու ենք այնպես անել, որ մեր ծրագիրն ամենալավը լինի»,- եզրափակեց Սոնան:

Հիշեցնենք, որ «Նոր ալիք 2014»-ը տեղի կունենա հուլիսի 22-27-ը, Յուրմալայում:

Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE