Սպիտակ տունը որոշել է Ջասթին Բիբերին չարտաքսել ԱՄՆ-ից

12:12   21 ապրիլի, 2014

Սպիտակ տունը որոշել է կանադական երգիչ Ջասթին Բիբերին չարտաքսել ԱՄՆ-ից: Հունվարի վերջին Սպիտակ տան կայքում ստորագրահավաք էր հայտնվել, որով ամերիկացիները պահանջում էին երկրից արտաքսել Բիբերին:

Սպիտակ տան պաշտոնական պատասխանն այսպիսին է. «Ցավում ենք ձեզ հիասթափեցնելու համար, բայց մենք չենք մեկնաբանի այդ: Թող ուրիշներն արտահայտվեն պարոն Բիբերի գործով: Բայց մենք շնորհակալ ենք ներգաղթյալների խնդրի շուրջ ձեր մտահոգության համար, քանի նոր համակարգը քայքայված է: Բազմաթիվ գործատուներ վարձում են աշխատակիցների, ովքեր փաստաթուղթ չունեն: Տասնմեկ միլիոն մարդ ապրում է ապօրինի, ստվերում:

Ներգաղթյալների հարցով արտահայտնվելը ոչ միայն ճիշտ է բարոյական տեսանկյունից, այլեւ մեր երկրի համար: Անկախ տնտեսագետներն ասում են, որ համակարգի բարեփոխումները կբարելավեն մեր տնտեսությունն ու առաջիկա տասներկու տարիներին պետբյուջեի դեֆիցիտը կկրճատեն մեկ տրիլիոն դոլարով:

Նրանց համար, ովքեր տանը նստած փողեր են հաշվում. այդ պարոն Բիբերի շուրջ 12.5 մլրդ համերգի տոմս կամ 100 մլրդ ալբոմի օրինակ է»:

Հիշեցնենք, որ ստորագրահավաքը սկսվել էր նույն օրը, երբ Բիբերին ձերբակալել էին փողոցային ավտոարշավի մասնակցելու, ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու եւ ոստիկանությանն ընդդիմանալու համար:

Ձերբակալությունից հետո Բիբերը խոստովանել էր, որ ավտոարշավից առաջ ալկոհոլ է օգտագործել, մարիխուանա ծխել եւ նշանակված դեղահաբեր ընդունել: Այս ամենի, ինչպես նաեւ երաժշտի մասնակցությամբ այլ սկանդալների ֆոնին ստորագրահավաքին արագորեն ավելի քան 100 հազար մարդ էր միացել. հենց այդքան էլ անհրաժեշտ է, որպեսզի Սպիտակ տունը քննի հարցը:

Նշենք, որ Բիբերի արտաքսման ստորագրահավաքը դարձել է Սպիտակ տան կայքի We, The People բաժնի պատմության մեջ ամենամեծ տարածումը ձեռք բերածը: Այն ավելի քան 273 հազար ստորագրություն է հավաքել՝ գերազանցելով ԱՄՆ քաղաքական հարցերի վերաբերյալ ավելի կարեւոր հարցերի շուրջ ստորագրահավաքները:

Այնպես որ, Ջասթին Բիբերն առայժմ ԱՄՆ-ում ապրելու է օրինական հիմունքներով:

Աղբյուրը՝ US Weekly



© NEWS.am STYLE