Ստաս Միխայլովի ընտանիքը շահել է ռուսական հայտնի հրատարակության դեմ դատը

15:13   21 ապրիլի, 2014

Երգիչ Ստաս Միխայլովի ընտանիքը շահել է ռուսական հայտնի «7 дней» հրատարակության դեմ դատական հայցը: Ռուսական ճանաչված երգիչն ու նրա կինը՝ Իննան, շարունակում են պայքարել տարբեր ԶԼՄ-ների դեմ, որոնք իրենց էջերին սխալ տեղեկություններ են հրապարակում իրենց եւ իրենց ընտանիքի մասին:

Օրերս աստղային զույգը եւս մեկ դատական հայց է շահել: Զույգը ռուսական «7 дней» հրատարակության դեմ հայց էր ներկայացրել՝ իրենց անձնական կյանքի անձեռնմխելիությունը խախտելու եւ միջամտելու մեղադրանքով:

Սա առաջին հաղթանակն է խոշոր հրատարակության դեմ եւ, հնարավոր է, կարող է օրինակ լինել շատ աստղերի համար:

Միխայլովների ընտանիքին ուղղված աջակցության խոսքերով արդեն շատ հայտնիներ են հանդես եկել: «Կեցցե՛ն: Ես երբեք չեմ պայքարել ԶԼՄ-ների դեմ: Նրանք իմ մասին այնքան վատ բաներ են գրել: Բայց ժամանակ չունեմ դրանով զբաղվելու: Իսկ Ստասը, ամբողջ զբաղվածությամբ, շրջագայությունների խելահեղ ծրագրով հանդերձ, այդ հայցով պաշտպանել է մեզ բոլորից»,- գրել է Բարի Ալիբասովը:

Ի դեպ, դատական հայցի արդյունքում ստացված ամբողջ գումարն ամուսինները փոխանցելու են մանկական բարեգործական հիմնադրամին:

Աղբյուրը՝ Segodnya



© NEWS.am STYLE