Ալսուն եւ Սթիվեն Սիգալը հանդիպել են Մոսկվայի ավտոբուսի կանգառում

13:26   22 ապրիլի, 2014

Ճանաչված երգչուհի Ալսուն Մոսկվայի ավտոբուսի կանգառներից մեկում հանդիպել է հոլիվուդյան աստղ Սթիվեն Սիգալի հետ:

Արտիստուհին իր Instagram-ում լուսանկարներ է հրապարակել:

Ալսուն Սիգալին հանդիպել է պատահաբար, Դուդկինո գյուղից ոչ հեռու քաղաքային տրանսպորտի սպասելիս: «Անսպասելի հանդիպում Սթիվենի հետ ավտոբուսի կանգառում: Այ թե կզարմանա ավտոբուսի վարորդը՝ տեսնելով կենդանի Նիկոյին»,- գրել է Ալսուն:

Իրականում Սթիվեն Սիգալն Ալսուի ընտանիքի վաղեմի ընկերն է: Նա մասնակցում է նրանց ընտանեկան բոլոր միջոցառումներին եւ ծննդյան տարեդարձերին: Դեռ 2003 թվականին, երբ երգչուհին 20 տարեկան էր դառնում, նրա հայրը Սիգալին խնդրել էր շնորհավորել դստերը հոբելյանի առիթով: Հիմա դերասանի հետ ընկերություն է անում նաեւ Ալսուի ամուսինը՝ գործարար Յան Աբրամովը: Ռուսաստանի մայրաքաղաք ժամանելիս Սիգալին հաճախ են տեսնում նրանց ընկերակցությամբ:

Ի՞նչ առիթով է այս անգամ հոլիվուդյան աստղը ժամանել Մոսկվա՝ հայտնի չէ: Սթիվենը հաճախ է լինում Ռուսաստանի մայրաքաղաքում, իսկ վերջերս տված հարցազրույցներից մեկում նա նույնիսկ խոստովանել էր, որ սատարում է Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը՝ չբացառելով, որ կարող է դառնալ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի:

Աղբյուրը՝ Segodnya



© NEWS.am STYLE