Ռոք երաժիշտը սկավառակի թողարկման ժամանակային ռեկորդ է սահմանել. 4 ժամից էլ պակաս

13:51   22 ապրիլի, 2014

The White Stripes խմբի նախկին ղեկավար 38-ամյա Ջեք Ուայթն ապրիլի 19-ին Նեշվիլում համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 3 ժամ 55 րոպե 21 վայրկյանում ձայնագրելով եւ նոր սկավառակ թողարկելով (ներառյալ ելույթի ժամանակը):

Time-ի տեղեկացմամբ, Ուայթն իր երաժիշտների հետ ստուդիայում հանդիսատեսի առջեւ կատարել է իր նոր՝ Lazaretto սինգլը եւ Էլվիս Փրեսլիի Power of Love երգի cover-տարբերակը: Ելույթից հետո ձայնագրությունն ուղարկվել է United Record Pressing ստուդիա, որը մի քանի ժամվա ընթացքում խմբաքանակ է տպագրել՝ որպես շապիկ օգտագործելով ձայնագրության ժամանակ արված լուսանկարներից մեկը: Ստուդիայում մնացած հյուրերը հնարավորություն են ունեցել ձայնագրությունից 4 ժամ անց ձեռք բերել սկավառակը:

Նախորդ ռեկորդը սահմանել էր շվեյցարական Vollgas Kompanie խումբը, որը 2008 թվականին կարողացել էր ալբոմ թողարկել մեկ օրվա ընթացքում:

Ուայթի երկրորդ ստուդիային ալբոմը՝ Lazaretto-ն, թողարկվելու է 2014 թվականի հունիսի 10-ին: Դրանում ներառվելու է 11 երգ, այդ թվում՝ անցյալ շաբաթ թողարկված գլխավոր սինգլը: Համացանցում արդեն հայտնվել է նույն ալբոմից եւս մեկ կոմպոզիցիա՝ High Ball Stepper անվանումով:



© NEWS.am STYLE