Մաշկի համար նախատեսված տնային սքրաբ հայկական պայմաններում

19:08   23 ապրիլի, 2014

Գործնականում ցանկացած կնոջ խնամքի միջոցների զինանոցում պատվավոր տեղ է զբաղեցնում սքրաբը: Անձամբ ես պաշտում եմ մարմնի սքրաբերը՝ նախընտրելով այնպիսիք, որոնց հիմքում ծովային աղ է: Հարկ է նկատել, որ այդ «հրաշքն» այնքան էլ էժան չէ: Այդ պատճառով մանրամասն ուսումնասիրելով աղային սքրաբերի տեսականին եւ բաղադրությունը՝ նախընտրում եմ դրանք ինքս պատրաստել: Այդ շատ ժամանակ չի խլում, 5-10 րոպե, փոխարենը նշանակալիորեն ավելի էժան է:

Նման սքրաբ պատրաստելու համար հարկավոր է լոգանքի համար նախատեսված ծովային աղ, որը կարելի է գնել ցանկացած դեղատանը կամ սուպերմարկետում: Մեկ տուփը շուրջ 450 դրամ արժե: Մեկ փաթեթում 500 գրամ է, որը բավական է շուրջ երեք ամիս: Եթե աղը շատ խոշոր է, խորհուրդ եմ տալիս բլենդերով մանրացնել, հակառակ դեպքում օգտագործելիս կարող եք քերծել մաշկը:

Ես աղին ավելացնում եմ 1 ճ/գ ձիթապտղի ձեթ, մեղր, մի քիչ սուրճի մրուր (ցանկալի է արդեն չորացած) եւ մի քանի կաթիլ եթերային յուղ՝ բույրի համար: Կարելի է ավելացնել մարմնի համար նախատեսված լոսյոնի կամ կաթիկի մնացորդները: Այս ամենը խառնում եմ եւ հրաշք-միջոցը պատրաստ է: Շատ արդյունավետ է: Անձամբ եմ փորձել:

Յուլիա Վարդանյան



© NEWS.am STYLE