Հայտնի մոդելավորող Վյաչեսլավ Զայցեւը կոտրել է ողնաշարը

11:02   23 ապրիլի, 2014

Ռուսական հայտնի մոդելավորող Վյաչեսլավ Զայցեւը կոտրել է ողնաշարը։ Ըստ Segodnya-ի, մի քանի շաբաթ առաջ հայտնի դիզայները լոգարանում սայթաքել ու ընկել է։ Հարվածը շատ ցավոտ է եղել, բայց Զայցեւը բժշկի չի դիմել։ Հաջորդ օրը ցավն ուժեղացել է, եւ նա ստիպված է եղել հիվանդանոց գնալ։ Աստղին հետազոտող բժիշկները փափուկ հյուսվածքների վնասվածք են հայտնաբերել եւ հիվանդին տուն են ուղարկել՝ խորհուրդ տալով շատ հանգստանալ։

Երկու օր անց Զայցեւը Փարիզ է մեկնել, իսկ չորս օր անց, վերադառնալով Մոսկվա, գնացել է Իվանովո։ Ամբողջ ընթացքում մոդելավորողը մեջքի շրջանում սուր ցավեր է ունեցել։ Իվանովոյում Զայցեւը ստիպված է եղել կրկին գնալ հիվանդանոց, քանի որ ցավն անտանելի է դարձել։ Որքան մեծ է եղել դիզայների զարմանքն ու սարսափը, երբ Իվանովոյի բժիշկները նրա մոտ 11-րդ եւ 12-րդ ողերի երկու կոտրվածք են հայտնաբերել։

«Բժիշկներն ինձ ասացին. «Սլավա, գժվե՞լ եք։ Ինչպե՞ս եք կարողանում քայլել։ Կարող են լուրջ հետեւանքներ լինել։ Դուք երկու ող ունեք կոտրված, անհապաղ վիրահատություն է հարկավոր»։ Ես ցանկանում էի Իվանովոյում վիրահատվել, բայց ինձ այնտեղ չընդունեցին, խորհուրդ տվեցին Մոսկվայի հիվանդանոց դիմել։ Վերադարձա Մոսկվա եւ Բուրդենկոյի անվան հիվանդանոցում ինձ վիրահատեցին»։

Վիրահատությունը մի քանի ժամ է տեւել եւ բժիշկները պնդել են, որպեսզի դիզայները վերականգնողական կուրս անցնի։ Սակայն Զայցեւն ուշադրություն չի դարձրել նրանց խորհրդին եւ մի քանի օր անց նորաձեւության ցուցադրություն է կազմակերպել։ Նրանք, ովքեր հավաքվել էին ցուցադրությանը, չեն էլ կասկածել, թե ինչ է ապրում հայտնի դիզայները։

Զայցեւը խոստովանում է, որ գրեթե չի հանգստանում, քանի որ լավագույն հանգիստն աշխատանքն է։ «Իհարկե, դժվարանում եմ քայլել։ Ցավը չի անցնում։ Բայց բժիշկներն ասում են, որ պետք է համբերել եւ շատ հանգստանալ։ Իսկ ինձ համար լավագույն հանգիստն աշխատանքն է։ Ես չեմ կարողանում պառկել, պետք է ինչ-որ բանով զբաղվեմ։ Ես գրեթե չեմ հանգստանում, այդ պատճառով վերականգնման գործընթացը, ամենայն հավանականությամբ, երկար կտեւի»։



© NEWS.am STYLE