Առաջին հանդիպմանը տղամարդիկ ստում են կանանց

21:18   26 նոյեմբերի, 2012

Հերթական ցնցող լուրը ուժեղ սեռի ներկայացուցիչների մասին։ RoxyPalace կայքի հարցման արդյունքով պարզվել է, որ տղամարդկանց 75% -ն իրենց զրուցակից կանանց խաբում են առաջին հանդիպմանը, որպեսզի տպավորություն գործեն։ Ընդ որում, ամենաշատը ստում են իրենց ֆինանսական վիճակի մասին. տղամարդկանց 2/3-ն առանց կարմրելու խաբում է իր եկամուտների մասին։ Երկրորդ տեղը կիսել են երեք թեմա. աշխատանքի վայրը, նախկին զուգընկերների քանակը եւ (ուշադրություն) ծնողներից առանձին ապրելու թեման։
Հարցված տղամարդկանց 55% -ը խոստովանել է, որ ստում է աղջկան նախասիրությունների հարցում, որպեսզի նրան դուր գան, ինչպես նաեւ չափազանցնում է սերը տնային կենդանիների հանդեպ։ 1/3-ն ազատ է ձեւացնում, թեեւ հանդիպման պահին այլ հարաբերության մեջ է լինում, իսկ ամուսնալուծվածների կեսը թաքցնում է երեխաների գոյությունը։ Տղամարդկանց 18% - ը ստում է, թե սպորտով է զբաղվում՝ ընկերուհու աչքին կրքոտ մաչո երեւալու համար։
Զարմանալի է, որ չնայած այդ ամենին, տղամարդկանց 2/3-ն անկեղծ հույս ունի, որ աղջիկը, ում անխիղճ կերպով ստում են առաջին հանդիպման ժամանակ, երկնային մաքրության հրեշտակ կլինի եւ իր մասին միանգամայն ճմարտի բաներ կպատմի։

 



© NEWS.am STYLE