Նամակ խմբագրությանը. սկեսրայրս իմ հանդեպ ոտնձգություն է կատարում

22:18   7 հունիսի, 2014

Նույնիսկ չգիտեմ՝ ինչից սկսել: Ես սարսափելի իրավիճակում եմ հայտնվել, որից ելք չեմ գտնում եւ չգիտեմ՝ ինչ անել: Ես 25 տարեկան եմ, երկու տարի առաջ ամուսնացել եմ: Ապրում ենք ամուսնուս ծնողների հետ, ինչի արդյունքում էլ կյանքս իսկական դժոխքի է վերածվել: Նրա ծնողները շատ պահպանողական հայացքների տեր են: Չնայած այդ պահպանողականություն չէ, այլ ինչ-որ այլասերվածություն: Ես գործնականում աղախնի կարգավիճակում եմ: Քիչ է, որ ամբողջ տունն իմ ուսերին է, նաեւ ստիպված են լինում սկեսուրիս եւ սկեսրոջս վիրավորանքներին ու դժգոհություններին դիմանալ: Նրանց դուր չի գալիս, թե ես ինչպես եմ պատրաստում, հագնվում, տուն մաքրում: Ինձ չի կարելի մենակ տանից դուրս գալ, իսկ ծնողներիս տուն յուրաքանչյուր այցելությունը սկանդալի է վերածվում: Ու եթե այս իրավիճակին դժվարությամբ համակերպվում եմ հանուն ամուսնուս եւ երեխայիս, ապա սկեսրոջս պահվածքի դեմ չգիտեմ, թե ինչպես կարող եմ պայքարել:

Արդեն կես տարի է՝ սկեսրայրս իմ հանդեպ ոտնձգություններ է կատարում, ընդ որում՝ ամենակեղտոտ եւ զզվելի միջոցներով: Նրան չեն շփոթեցնում ո՛չ իր սեփական կինը, ո՛չ էլ այն հանգամանքը, որ ես իր որդու կինն եմ: Սկզբում կարծում էի, թե այդ ամենն իմ երեւակայության արդյունքն է: Նա զգուշորեն էր գործում: Օրինակ՝ երբ ես պետք է սենյակ մտնեմ, նա դռան շեմին այնպես է կանգնում, որ ստիպված եմ լինում ամբողջ մարմնով սեղմվել նրան՝ անցնելու համար: Կամ էլ, իբր պատահաբար, ձեռքով դիպչում է ազդրիս: Իսկ այդ ժամանակ նրա դեմքն այնքան զզվելի է դառնում... Հետո նա ավելի շատ համարձակություն ձեռք բերեց: Երբ ոչ ոք չէր տեսնում, կսմթում կամ շոյում էր հետույքս, փորձում գրկել:

Ես փորձում էի նրան ամաչեցնել, բայց ապարդյուն: Մի անգամ նա ինձ ուղղակի հայտարարեց, որ «իր որդին փալաս է եւ արժանի չէ նման կնոջ»: Նշեմ, որ ամուսնուս ծնողները վատ հարաբերություններ ունեն, մշտապես վիճում են: Երբեմն ինձ թվում է, թե նրանք ատում են միմյանց: Բայց ես պատկերացնել անգամ չէի կարող, որ սրան կհասնի: Ինձ համար սարսափելի է սկեսրոջս հետ մենակ մնալ: Ամուսնուս վախենում եմ ասել: Առանց այդ էլ նա կարծում է, որ ես ամեն ինչ չափազանցնում են եւ իր ծնողներին «հրեշ» եմ դարձրել: Վստահ եմ, որ եթե ասեմ հոր ոտնձգությունների մասին, նա ոչ միայն չի հավատա, այլ նույնիսկ դուրս կվռնդի տանից: Իսկ սկեսրայրս օրեցօր լկտիանում է: Ականջիս զզվելի բաներ է շշնջում, մշտապես փորձում է փեշիս տակ մտնել: Ընդ որում, նաեւ սպառնում է, որ եթե որեւէ մեկին ասեմ այդ մասին, ամեն ինչ կանի, որ ամուսինս լքի ինձ եւ խլի երեխային: Ես հուսահատված եմ: Մշտական նյարդային վիճակում գտնվելու արդյունքում չեմ կարողանում ո՛չ ուտել, ո՛չ քնել: Ամուսնուս ծնողների տանից հեռանալ չենք կարող: Բայց եթե անգամ կարողանայինք մեզ այդ թույլ տալ, նրանք չէին համաձայնվի: Իսկ մշտապես վախի մթնոլորտում ապրել երկար չեմ կարողանա: Սա իսկական դժոխք է, որից ես ելք չեմ գտնում…

Անուշ Բ.



© NEWS.am STYLE