Բանանով դիմակներ կնճիռների դեմ

19:12   13 հունիսի, 2014

Բանանը չափազանց հարմար է կնճիռների դեմ դիմակներ պատրաստելու համար: Երիտասարդացնող դիմակների պարբերական օգտագործումն օգնում է նկատելի արդյունքի հասնել: Դրա վկայությունն է այն, որ ժողովրդական բաղադրատոմսերով դիմակներն օգտագործում եւ խորհուրդ են տալիս նույնիսկ պրոֆեսիոնալ կոսմետոլոգները: Մեծ քանակությամբ վիտամիններ եւ օգտակար նյութեր պարունակող արեւադարձային մրգերը շատ տարածված են կոսմետիկ տարբեր միջոցների բաղադրատոմսերում, սնուցող եւ խոնավեցնող կրեմներում եւ լոսյոններում: Բացի մաշկն օգտակար տարրերով հագեցնելուց, կարող եք նաեւ մաքրել այն. այդ մրգերում առկա թթուները հեռացնում են մաշկի մեռած բջիջները եւ հավասարեցնում դեմքի մաշկի գույնը:

Կնճիռների դեմ բանանով դիմակը դեմքի խնամքի հրաշալի կոսմետիկ միջոց է: Բանանը մեծ քանակությամբ կենսաբանական ակտիվ նյութեր է պարունակում, որոնք բարերար ազդեցություն են ունենում մաշկի վրա: Դիմակի ազդեցությամբ դանդաղում է մաշկի ծերացման գործընթացը, այն սնուցվում է, փափկում, իսկ դիմակում առկա մեծ քանակությամբ C վիտամինը կանխում է կնճիռների առաջացումը:

Նման դիմակների հիմք հանդիսացող բանանը լավ է ցանկացած տիպի մաշկի համար, սակայն դիմակի մեջ այլ բաղադրիչներ ավելացնելով, օրինակ՝ ձվի դեղնուց, թթվասեր, եթերային յուղեր, կավ, կարելի է մասնագիտական միջոց ստանալ, որը կօգնի լուծել որոշակի տեսակի մաշկի խնդիրները:

Բանանով դիմակներ կնճիռները վերացնելու համար

Այդ դիմակները հարթեցնում եւ երիտասարդացնում են մաշկը: Դեմքի մաշկը կանայք առանձնահատուկ են խնամում, այդ պատճառով էլ դիմակներն առավել հաճախ կիրառվում են դեմքի համար:

«Շտապ օգնություն»

Անվանումը պատահական չէ. ընդամենը մեկ գործողությունը զգալի արդյունք է տալիս:

Բաղադրությունը. 1-ական թ/գ բանանի եւ խնձորի խյուս, 1 թ/գ ձիթապտղի ձեթ, 1 ձվի դեղնուց: Բոլոր բաղադրիչները լավ խառնել, զանգվածն ավելի պինդ դարձնելու համար կարելի է փոքր-ինչ ցորենի ալյուր ավելացնել: Դիմակը քսել դեմքին, դեկոլտեի հատվածին եւ պարանոցին, 20 րոպե անց լվանալ գոլ ջրով: Հրաշալի արդյունք կարելի է ստանալ՝ այն կիրառելով մեկ ամիս, 3-4 օրը մեկ անգամ:

«Սնուցող»

Բաղադրությունը. 1 միջին չափի բանան, 2 ճ/գ սերուցք, 2 թ/գ մեղր: Բաղադրիչները խառնել այնքան (ցանկալի է հարիչով), մինչեւ միատարր զանգված դառնա: Դիմակը քսել մաքուր մաշկին: 15 րոպե անց մաքրել հանքային ջրի մեջ թրջած բամբակե բարձիկով: Այս դիմակը հարկավոր է կիրառել շաբաթը 2-3 անգամ:

Բանանով այս դիմակները սնուցող եւ խոնավեցնող արդյունք ունեն, մաշկին տոնուս են հաղորդում եւ երիտասարդացնում այն:

Աղբյուրը՝ Fancy



© NEWS.am STYLE