«Անահիտ» մուլտֆիլմը մեծ էկրան կբարձրանա աշնանը

18:29   23 հունիսի, 2014

Ղազարոս Աղայանի հեքիաթի հիման վրա նկարահանված «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2014 թվականի աշնանը. այս մասին տեղեկացնում է «Շարմ Հոլդինգը»։ Մուլտֆիլմի հետարտադրական եւ պրոդյուսերական աշխատանքներով զբաղվում է «Sharm Pictures»-ը:

«Անահիտ»-ի նկարահանման աշխատանքները «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն»-ը սկսել է դեռեւս 2010 թվականին` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ:

Մուլտֆիլմը նկարահանվում է անիմացիայի միջազգային չափանիշներին համապատասխան եւ որակական նոր հարթություն կբերի հայկական մուլտարտադրությունը: Որպես անիմացիոն լիամետրաժ մուլտֆիլմ` այն թվով երրորդն է հայկական մուլտարտադրության մեջ` Ռոբերտ Սահակյանցի «Պանդոկ»-ը եւ Արման Մանարյանի «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմերից հետո:

«Անահիտ» մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Նազենի Հովհաննիսյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դավիթ Բաբայանը, Վարդան Զադոյանը, Խորեն Լեւոնյանը: Մուլտֆիլմի կոմպոզիտորներն են Արմեն Մարտիրոսյանը եւ Վարդան Զադոյանը: Բեմադրող նկարիչը Էռնեստ Մուրադյանն է:

Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաեւ «Ակունք» ազգագրական համույթը:

Երեւանյան պրեմիերայից հետո մուլտֆիլմը կցուցադրվի միջազգային փառատոններում:



© NEWS.am STYLE