«Ավատարը» շարունակություն կունենա

12:27   30 նոյեմբերի, 2012

2013 թվականին կմեկնարկեն հանրահայտ «Ավատար» ֆիլմի միանգամից երկու շարունակության նկարահանումները։ Ըստ ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի, նա հույս ունի, որ երկու ֆիլմերի սցենարներն էլ կստանա արդեն եկող տարվա փետրվարին։ Իր այս ծրագրերի մասին Քեմերոնը բարձրաձայնել է Փիթեր Ջեքսոնի նկարահանած «Հոբիթ. Անսպասելի ճամփորդություն» ֆիլմի պրեմիարեային այցելության ժամանակ։

Հիշեցնենք, որ «Հոբիթի» պրեմիերան տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգթոնում։

Ըստ Lenta.RU -ի, «Ավատարի» սիքվելների անոնսը տեղի է ունեցել դեռեւս 2010 թվականի աշնանը։ ԶԼՄ-ները գրում էին կինոնկարի չորրորդ մասի հայտնվելու հավանականության մասին։ Ըստ լուրերի, չորրոդ մասի սյուժեի հիմքում պետք է լինեն առաջին մասում տեղի ունեցած իրադարձություններին նախորդող դեպքերը։ Առայժմ միայն հայտնի է, որ Ջեյմս Քեմերոնը ֆիլմի երկրորդ եւ երրորդ մասերը ծրագրում է նկարահանել բառացիորեն մեկ շնչով։ Ըստ չհաստատված տեղեկության, Քեմերոնը պատրաստվում է նոր սերիաները նվիրել Պանդորա մոլորակի, նրա օվկիանոսների ու ծովերի պատմությանը։



© NEWS.am STYLE