«Տղամարդու սերն» ըստ Սոս Ջանիբեկյանի

10:02   9 հուլիսի, 2014

Երեկ «Բյուրոկրատ» գրախանութում տեղի ունեցավ Հայաստանի ժամանակակից արվեստների միության ՝ «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի շրջանակներում կազմակերպված վերջին քննարկումը դերասան Սոս Ջանիբեկյանի հետ:

Սոսն ընթերցողների հետ քննարկեց Կամիլ Լըմոնյեի «Տղամարդու սերը» վիպակը:

Ջանիբեկյանի խոսքով՝ քննարկման համար ընտրեցին հենց այս գիրքը, քանի որ կերպարը նմանեցված է իրեն: Դերասանը խոստովանեց՝ նա եւս ժամանակին անցել է այն ամենի միջով, ինչով որ վեպի հերոսն է անցել:


 

Սոս Ջանիբեկյանը վեպը չկարդացածների համար նախ երկու տողով ներկայացրեց, թե ինչի մասին է այն:

«Գիրքն ինձ համար կարեւոր երեւույթի է առնչվում՝ սեքսուալ բարդույթներին, որոնք այսօր շատ ակտուալ են, քանի որ մեզանում չկա սեռական դաստիարակություն»,-նշեց դերասանը՝ ընդգծելով, որ սեքսով զբաղվելն ավելի լավ է, քան ծխելը:

«Սեքսուալ թեման ամենաբնական թեմաներից է, եւ դրանից ավելի վատ բաներ կան, որոնցից պետք է խուսափել»,-ասաց նա:

 

Ըստ Սոսի՝ մարդու սեռական դաստիարակությունը պետք է սկսի տանից, այնուհետ շարունակվի դպրոցում, որպեսզի երեխան հասունանալով, սեռական բարդույթներ չունենա: «Մարդու կյանքում կարեւոր է սեռական ազատությունը, սեռական ցանկությունների հանդեպ մտքի ազատությունը»,-ընդգծեց նա՝ ավելացնելով, որ թեեւ, ըստ նրա, գիրքն ինչ-որ տեղ հակաքրիստոնեական է, սակայն ոչ մի անպարկեշտ բան չկա դրանում:

 

Ջանիբեկյանը միեւնույն ժամանակ նշեց, որ սեռական ազատությունը չի ենթադրում այլասերվածություն: «Ամեն ինչ պետք է լինի բնության օրենքներով: Այն, ինչը բնության օրենքներով է, ամենանկեղծն է, ամենաապահովը, ամենալուսավորն ու ճիշտը»:

 Պատրաստեց՝  Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE