Բարձր նորաձեւության շաբաթ Փարիզում. Chanel

17:28   9 հուլիսի, 2014

Փարիզի Grand Palais Բարձր նորաձեւության շաբաթի շրջանակներում իր նոր՝ աշուն-ձմեռ հավաքածուն է ներկայացրել լեգենդար կուտյուրե Կառլ Լեգերֆելդը։ Chanel-ի նոր ձեռքի աշխատանքերի շարքը ցնցել է ցուցադրությանը ներկա հյուրերին. շարքը պատմում էր Գրիմ եղբայրների «Սպիտակաձյունիկը» հեքիաթը։ 

Կաթնասպիտակ սրահը, որի մեջտեղում դրված է եղել մի հայելի (ինչը հիշեցնում էր հեքիաթի գեղեցիկ արքայադստերը, ով անտառում ապաստանում է թզուկների մոտ), իսկ մոդելները հայտնվել են ոսկեգույն, արծաթագույն, բորդո, կապույտ եւ իհարկե, սպիտակ երանգներով կարված զգեստներով։

Հագուստ-զանգակները դարձել են ողջ հավաքածուի հիմնական շեշտադրումները։ Կառլը կանացի զգեստները ներկայացրել է բոլոր հնարավոր մեկնաբանություններով, երկարություններով եւ կտրվածքներով։ Ցուցադրվել են նաեւ տվիդից կարված տաբատով կոստյումներ եւ Chanel-ի լեգենդար պիջակները։ Հավաքածուի սովորական գունային երանգները զարդարում էին բազմաթիվ բյուրեղներ, փետուրներ եւ ասեղնագործություններ։ 

Հայտնի աստղերից ցուցադրությանը ներկա էին դերասանուհի Կրիստեն Սթյուարտը, Paris-Dallas-ի միջսեզոնային դեմքը, դերասան Ջարեդ Լետոն, Փոփի Դելեվինը, Էլիս Դելալը, Իզաբել Յուպերը եւ ուրիշներ։

 

Ցուցադրությունը ավարտվել է մի հղի հարսնացուի բեմ բարձրանալով, ով դարձել է այս նուրբ ու շքեղ հավաքածուի եզրափակիչ ակորդը։



 Կարինա Աբրահամյան



© NEWS.am STYLE