Ֆրանսիա՝ ուղղություն հայ զբոսաշրջիկների համար. ATOUT FRANCE գործակալության տնօրեն

18:27   10 հուլիսի, 2014

Ֆրանսիան հայ զբոսաշրջիկների համար բավականին հասանելի մի ուղղություն է,-հայտարարել է ATOUT FRANCE գործակալության տնօրեն Ինեսա Կորոտկովան երեկ Ֆրանսիայի դեսպանատանը լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ։

ATOUT FRANCE–ը այն միակ կազմակերպությունն է, որը զբաղվում է Ֆրանսիայում տուրիզմի զարգացմամբ։ Այն միավորում է այս բնագավառի բոլոր պրոֆեսիոնալ մասնագետներին, տնտեսական, պետական եւ տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք զբաղվում են զբոսաշրջային բիզնեսով։ Ընդհանուր առմամբ մոտ 1300 մարդ է աշխատում ATOUT FRANCE-ում։

Տիկին Կորոտկովան նշել է, որ իր ներկայացրած գործակալությունը որոշել է գրավել նաեւ հայկական շուկան, իսկ ավելի ճիշտ, հետաքրքրված է հայկական տուրիզմի այնպիսի  ուղղություններով, ինչպիսին է Ֆրանսիան՝ ներկայացնելով այն ոչ միայն շոփինգի եւ Էյֆելյան աշտարակի մոտ նկարվելու համար հիանալի մի վայր, այլեւ մշակութային արժեքներով հարուստ երկիր, որը հարմար ցանկացած ճաշակին եւ գրպանին։

Տնօրենը նաեւ ներկայացրել է շրջագայությունների զարգացման պրոմո-ծրագիրը եւ հայտնել, որ Ֆրանսիան աշխարհում առաջին տուրիստական ուղղությունն է եւ տարեկան 85 միլիոնից ավել զբոսաշրջիկ է մեկնում Ֆրանսիա։ Հայ զբոսաշրջիկներին Ֆրասիան կարող է գերել իր լեռնադահուկային հանգստավայրերով, ժամանցային այգիներով, հիանալի ուտեստներով եւ գինիներով, ինչպես նաեւ Հայաստանի հետ ունեցած պատմամշակութային կապերով։

 



© NEWS.am STYLE