«Ոսկե Ծիրան-2014». կայացավ Ծիրանօրհնեքի արարողությունը (ֆոտո)

16:35   13 հուլիսի, 2014

Այսօր մեկնարկում է «Ոսկե Ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնը: Քիչ առաջ Երեւանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կայացավ Ծիրանօրհնեքի ավանդական արարողությունը, որին ներկա էին փառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը եւ փառատոնի օտարերկրյա հյուրերից:

Լրագրողների հետ զրույցում Հարություն Խաչատրյանն ասաց, որ Ծիրանօրհնեքի շնորհիվ աշխարհը սկսել է ճանաչել մեր թե՛ կրոնական, թե՛ ժողովրդական սովորույթները: «Ոսկե ծիրանը» միայն կինոփառատոն չէ, այլ` սեր, որը մեր ժողովուրդը տալիս է իր հյուրերին: Ես հարյուրավոր փառատոների եմ եղել եւ այսպիսի ջերմությամբ ոչ մի քաղաքում չեն դիմավորել հյուրերին: Ոչ մեկը նման օրենք կամ սովորություն չունի»,-նշեց նա:

Ի դեպ, օրհնված ծիրանները բաժանվեցին եկեղեցում ներկաներին:


Հիշեցնենք, որ այս տարվա փառատոնը նվիրված է Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին, ինչի կապակցությամբ մի շարք միջոցառումներ են նախատեսված: Այսօր էլ ժամը 17:00-ին Փարաջնովի  «Նռան գույնով» կկայանա փառատոնի պաշտոնական բացումը:


Տեքստը` Շուշան Շատիկյանի

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE