Ինչպե՞ս է պետք լուսանկարվել. լուսանկարիչ Արման Կարախանյան (ֆոտո)

17:25   18 հուլիսի, 2014

Շատերն են սիրում լուսանկարվել, սակայն կան մարդիկ, որ10 անգամ լուսանկարվելուց հետո էլ դժգոհում են, որ իրենք լուսանկարում տգեղ են, ֆոտոգենիկ չեն եւ այլն:

10 տարուց ավել իր գործի գիտակ լուսանկարիչ Արման Կարախանյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց, թե ինչպես է պետք  լուսանկարվել:

Լուսանկարչության մեջ ամենակարեւորներից է լույսը. Գեղեցիկ լուսանկար ստանալու համար նախ պետք է ունենալ լավ ֆոտոապարատ՝  իր մնացյալ սարքավորումներով, եւ իհարկե լույսի առկայությունը: Վայրը նույնպես շատ կարեւոր է: Դրսում՝ բնական լույսի ներքո, ավելի լավ է ստացվում լուսանկարը: Բայց այդքան էլ հեշտ չէ դրսում նկարել: Ստուդիայում դու ես կառավարում լուսավորությունը, թե որքան է հարկավոր: Իսկ դրսում այդ առումով մի փոքր կարող են դժվարություններ առաջանալ:

«Ես ֆոտոգենիկ չեմ».  Շատ անգամներ եմ  այդ արտահայտությունը լսել, սակայն միշտ փորձել եմ մարդկանց մեջ այդ կարծրատիպը կոտրել: Իմ կարծիքով չկա նման բան: Ցանկացած մարդու մեջ կարելի է տեսնել գեղեցիկը եւ ցուցադրել այն: Դրա համար պետք է լուսանկարիչը կարողանա լավ ճանաչել մարդուն: Ինքս նախքան լուսանկարելը փորձում եմ այդ մարդու հետ մի փոքր զրուցել, ծանոթանալ, որպեսզի ինձ համար հեշտ լինի նրա ճիշտ կերպարը նկարել: Յուրաքանչյուր մարդ ինքնատիպ է, եւ հենց իր յուրահատկությամբ է գեղեցիկ: Պարզապես պետք է տեսնել այդ յուրահատկությունը:

«Մարդը ինչի մասին մտածում է, այն էլ արտահայտվում է լուսանկարներում». Իհարկե, միանշանակ դա այդպես է: Լուսանկարներում մարդու ներաշխարհն արտացոլվում է իր դեմքի վրա: Մարդը պետք է լուսանկարվելիս լինի ինքնավստահ: Բայց նաեւ այստեղ լուսանկարչի պրոֆեսիոնալիզմն էլ է հարկավոր: Վերջինս պետք է կարողանա որսալ այն:

Դիմահարդարումն ու վարսահարդարումը լուսանկարում. Make-up-ը եւ վարսահարդարումը պետք է լինի մարդու դիմագծերին համահունչ: Լավ կլինի, որ շատ քիչ լինի դիմահարդարումը: Այնքան, որ ընդգծի դեմքի դիմագծերը, աչքերը, շուրթերը եւ ծածկի դեմքի թերությունները:

Լուսանկարվելու վայրը եւ լուսանկարվողը. Մարդուն ճանաչելով՝ պետք է ճիշտ վայր ընտրել, քանի որ այն մեծ ազդեցություն է թողնում մարդու վրա, եւ կարող է մարդը իրեն կաշկանդված զգալ: Սովորաբար լուսանկարվողն է առաջարկում, հետո ֆոտոգրաֆի հետ ընդհանուր հայտարարի են գալիս:

Նմանակել հայտնի մարդկանց. Շատ եմ նկատել, որ հատկապես աղջիկները սիրում են նմանակել իրենց սիրած արտիստին՝ նույն ձեւով նկարվելով: Բայց շատերի մոտ այն չի ստացվում, քանի որ լուսանկարը անբնական է ստացվում: Ես խորհուրդ կտամ բոլոր աղջիկնրեին, որ չփորձեն նմանակել ինչ-որ մեկին, այլ լինեն այնպիսին, ինչիսին կան: 

Պատրաստեց՝ Մելինե Տոնոյանը
Լուսանկարները՝ Արման Կարախանյանի արխիվից 



© NEWS.am STYLE