Հայտնի շվեդ երգիչ Բոսսոն. ‹‹Հայաստանը հիանալի երկիր է` հյուրընկալ մարդկանցով և աննկարագրելի գեղեցիկ կանանցով››. Էքսկլյուզիվ NEWS.am STYLE

11:02   21 հուլիսի, 2014

Տարիներ առաջ գրելով ‹‹One in a Million›› (‹‹Միլիոնից միակը››) երգը` շվեդ երգիչ Ստեֆֆան Ուոլսսոնը չէր էլ կարող պատկերացնել, թե իր սիրուց ծնված այդ ստեղծագործությունն ինչպիսի հաջողություն է բերելու իրեն: 2000 թ-ին լույս տեսած համաշխարհային այս հիթը նույնիսկ 14 տարի անց չի զիջում իր դիրքերը: Այն մինչ օրս աշխարհի մի շարք գեղեցկության մրցույթների հիմն է համարվում:


‹‹One in a million››-ը հնչել է նաև Սանդրա Բուլոքի մասնակցությամբ ‹‹Miss Congeniality›› ֆիլմում` հայտնվելով ‹‹Ոսկե Գլոբուսի››` ‹‹Ֆիլմի լավագույն օրիգինալ երգ›› անվանակարգում:


Իրականում ո՞ւմ է նվիրված բոլոր ժամանակների ամենասիրելի երգերից մեկը, ինչպե՞ս Ստեֆֆանը վերածվեց Բոսսոնի, ի՞նչ է հիշում երգիչը ‹‹Տաշիր 2007›› մրցանակաբաշխությունից և Բրիթնի Սփիրսի հետ կատարած իր շրջագայություններից, արդյոք չի՞ ծրագրում համերգներով հանդես գալ Հայաստանում: Այս և մի շարք այլ հարցերի պատասխաններն ընթերցեք Բոսսոնի հետ մեր էքսկլյուզիվ հարցազրույցում:

-Նախ և առաջ, կցանկանայի ճշտել` ինչպե՞ս եք սիրում, երբ Ձեզ անվանում են` Ստեֆֆան, թե՞ Բոսսոն:

- Սիրում եմ, երբ ինձ անվանում են Ստեֆֆան, բայց շատ մարդիկ, ովքեր ինձ որպես Բոսսոն են ճանաչում, հենց այդպես էլ կոչում են, ինչը ևս ընդունելի է ինձ համար:

- Շատ լավ… Ստեֆֆա՛ն, ասում են` Ձեր բեմական անունը գալիս է ‹‹Bo’s son›› (‹‹Բո-ի որդին››) արտահայտությունից: Ո՞ւմ առաջարկով եք ընտրել այդ կեղծանունը:

- Ես այդ անվանը հանդիպել եմ շվեդական թերթերց մեկում, որտեղ հոդված կար ավտոարշավորդ Լարս Բոսսոնի մասին: Մտածեցի, որ այն շատ յուրահատուկ և հետաքրքիր ազգանուն է և որոշեցի, որ պետք է կոչվեմ Բոսսոն, չէ՞ որ հայրիկիս անունը Բո է, ոչ թե Ուոլլե, իսկ ես նրա որդին եմ` Բոսսոնը, ոչ թե Ուոլսսոնը: Այդպիսով, այդ զավեշտալի մտքերն առաջնորդեցին ինձ, որ կայացնեմ անվանափոխման որոշումը:

-‹‹One in a MIllion››-ը համարվում է Ձեր` բոլոր ժամանակների ամենահաջողված երգը: Հետաքրքիր է` Դուք ինքներդ, Ձեր երգերից ո՞րն եք ավելի նախընտրում:

- Այն երգը, որը գրելու համար, իրոք, շատ եմ հպարտանում, կոչվում է ‹‹What if I›› (‹‹Ինչ, եթե ես››) (http://www.youtube.com/watch?v=6TR7To051Mk): Բայց, իհարկե, ‹‹One in a Million››-ը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, քանի որ այն իմ առջև բացեց երաժշտության  կախարդական աշխարհի դռները:

-Հայտնի է, որ երգը գրել և նվիրել եք ‹Միսս Շվեդիա 1998›› տիտղոսին արժանացած Ջեսսիկա Օլե՛րսին: Շատ տարիներ են անցել… Վերջապես գտե՞լ եք միլիոնից այդ միակին, թե՞ երգը մինչ օրս նվիրված է Ջեսսիկային:

- Ես դեռ փնտրում եմ միլիոնից այդ միակին, բայց մեկ տարի առաջ որոշեցի փոխել երգի անվանումը և նվիրել մտերիմ ընկերուհիներիցս մեկին, որն այս պահին պայքարում է քաղցկեղի դեմ: Նա նկարչուհի է: Երբ ելույթ էի ունենում նրա ցուցահանդեսի ժամանակ, խոստացա, որ այսուհետ երգը կկոչեմ ‹‹One in a Billion›› և կնվիրեմ իրեն: Կարծում եմ` Ջեսսիկան դեմ չի լինի… Չէ՞ որ այդքան տարի այն իրեն է հասցեագրված եղել (ժպտում է):

-Դուք եղել եք Մոսկվայում անցկացված ‹‹Տաշիր 2007›› հայկական երաժշտական մրցանակաբաշխության հատուկ հյուրը: Կա՞ր ինչ-որ երգիչ, ում այդ օրը հաջողվել է գրավել Ձեր ուշադրությունը: Կկիսվե՞ք մեզ հետ տպավորություններով:

- Ես շատ լավ եմ հիշում այդ մրցանակաբաշխությունը, քանի որ համերգի մասնակիցների լուսանկարներով պաստառներն ամենուր էին, բայց, ցավոք սրտի, նրանցից ոչ մեկին չհասցրի տեսնել բեմի վրա: Բայց քանի որ հաճախ եմ լինում Ռուսաստանում, ռուս երգիչներից շատերին արդեն ճանաչում եմ, օրինակ Ֆիլիպ Կիրկորովին, Դիմա Բիլանին, Լոլիտային, Լեոնիդ Ագուտինին և ուրիշներին:  Հուսով եմ` մի օր կգամ Հայաստան և կծանոթանամ նաև այդտեղի երգիչների հետ:  Կարծում եմ` ‹‹Եվրատեսիլ 2014››-ի ձեր մասնակիցությունը հրաշալի էր:

-Ի դեպ, Շվեդիան ևս ամեն տարի հրաշալի երգիչներ է ուղարկում ‹‹Եվրատեսիլ››, օրինակ ԱԲԲԱ (1974), Լորին (2012), Սաննա Նիլսեն (2014): Երբևէ չե՞ք մտածել մասնակցել այդ մրցույթին:

- Ես և իմ պրոդյուսերը մտածում ենք մյուս տարվա իմ մասնացության մասին, բայց չգիտեմ` արդյոք կհասցնե՞մ որևէ բան անել ժամանակին: Կարծում եմ` կարող ենք նաև դուետ կազմել հայ երգիչներից մեկի հետ և ներկայացնել Հայաստանը (ծիծաղում է): Դա էլ է հետաքրքիր տարբերակ: Շվեդիայի նախընտրական փուլին, օրինակ, մասնակցում էին նաև այլ երկրների երգիչներ: Այնպես որ` գուցե և նման մի բան ստացվի ինձ մոտ:

- Բոսսո՛ն, Դուք համերգներով շրջագայել եք մի շարք աստղերի հետ` Բրիթնի Սփիրս, Էնրիկե Իգլեսիաս, Մարք Էնթոնի և այլք: Կհիշե՞ք` որն է եղել Ձեր կյանքի ամենահետաքրքիր շրջագայությունը:

- Շատ դժվար հարց է… Հաճելի էր շրջագայել Բրիթնի Սփիրսի հետ: ԱՄՆ-ում միասին 24 համերգ ունեցանք: Ես էի բացում նրա համերգները: Ճիշտ է` մենք տարբեր ավտոբուսներով էինք երթևեկում, բայց միշտ նույն ժամին էինք տեղ հասնում…Նրա ավտոբուսի ներսում, իրոք, շքեղ էր, բայց դե իմն էլ վատը չէր (ծիծաղում է): Հիանալի շրջագայություն էր, որի ընթացքում ելույթներ ունեցանք Դալլասում, Չիկագոյում, Մայամիում, Լաս Վեգասում և այլուր: Միասին արված զավեշտալի տեսանյութ ունենք: Նա շատ հաճելի և համեստ աղջիկ էր:

Ինձ նաև դուր է եկել Ռուսաստան կատարած իմ շրջագայությունը, որտեղ հանդիսատեսը շատ ջերմ էր: Շրջում էինք գնացքով, ինքնաթիռով և ավտոբուսով: Լավ ժամանակներ էին… սիրում եմ շրջագայել:

- Աշխատել եք նաև ռուսական շոուբիզնեսի նրկայացուցիչների` Լոլիտայի և Կատյա Լելի հետ: Կպատմե՞ք այդ համագործակցություններից:

- Մեծ բավականություն եմ ստացել այդ զուգերգների (‹‹Небо в глазах›› , ‹‹Тобой живу›› վրա աշխատելիս:  Կատյան շատ լավ անձնավորություն է, որն ունի անսպառ էներգիա:  Նա մեզ հրավիրեց իր տուն, որտեղ ինքն ու իր մայրիկը մեզ համար համեղ բաներ պատրաստեցին: Մեր զուգերգի հիման վրա նաև տեսահոլովակ նկարահանեցինք և մասնակցեցինք մի շարք շոու ծրագրերի: Իսկ Լոլիտան…Ինձ դուր եկավ նրա հետ համագործակցությունը: Նա բարի սիրտ ու հումորի մեծ զգացում ունի: Մենք երկուսս էլ մեզ լուրջ չէինք պահում, այնպես որ, ամեն անգամ, երբ բեմ էինք բարձրանում, ինչ-որ զավեշտալի բան էր տեղի ունենում … նա միշտ անակնկալներով լի էր: Կես տարի առաջ կրկին հանդիպեցի Լոլիտային ուկրաինական  ‹‹X Factor››ի ժամանակ: Շատ ուրախացանք այդ հանդիպման համար: Նա լավ մարդ է:

-Երկու զուգերգներն էլ երգում եք նաև ռուսերենով: Հե՞շտ էր ռուսերեն երգելը:

- Ձայնագրման ստուդիայում եմ աշխատել ռուսերենիս վրա: Տարբեր մարդկանց օգնությամբ փորձեցինք որքան հնարավոր է հստակ արտասանել բառերը: Հետաքրքիր էր այդ երգերը կատարել նաև ռուսերենով: Մինչև լեզուն սովորելն, այդ ամենը անհնարին էր թվում, բայց ամեն ինչ էլ հնարավոր է, և երկու երգերն էլ ավելի լավը ստացվեցին, քան ես ակնկալում էի:

-Դուք շատ համերգներ եք ունեցել Ռուսաստանում, Բելառուսում… Չե՞ք ծրագրում համերգներով հանդես գալ նաև Հայաստանում:


-Իհարկե, կցանկանայի գալ Հայաստան: Գիտեմ, որ այդտեղ էլ են լսել իմ երգերից շատերը և ես տարիներ շարունակ կապ եմ պահում մի շարք հայ երկրպագուների հետ: Որքանով որ զգացել եմ, Հայաստանը հիանալի երկիր է` հյուրընկալ մարդկանցով և աննկարագրելի գեղեցիկ կանանցով (ծիծաղում է): Մեզ մոտ տղամարդիկ սիրում են էկզոտիկ արտաքինով կանանց` սև մազերով և մուգ աչքերով, այնպես որ` մեզ համար, իսկական, հրաշք կլինի այդտեղ համերգներով հանդես գալը: Մենք միշտ պատրաստ ենք գալ Հայաստան, պարզապես պետք է պայմանավորվել իմ ռուսաստանյան մենեջերի հետ (ծիծաղում է):

- Իսկ ինչի՞ վրա եք աշխատում այս պահի դրությամբ:

- Այս պահին նոր երգիս վրա ենք աշխատում, որը նաև կունենա տեսահոլովակ: Ամերիկյան ընկերություններից մեկը ցանկանում է, որ գնանք այնտեղ և աշխատենք իմ նոր սինգլի վրա: Ես այնտեղ պատմություն ունեմ` ‹‹One in a Million››, ‹‹Ոսկե Գլոբուս››, Բրիթնիի հետ շրջագայություն և այլն: Քույրս  և  ընկերներիցս շատերն ապրում են Լոս Անջելեսում: Այսպիսով` որոշ ժամանակ այնտեղ կապրեմ և կպատրաստվեմ մեծ ‹‹վերադարձիս››:

-Ինչ-որ բան կցանկանայի՞ք ասել Ձեր հայ երկրպագուներին և մեր ընթերցողներին:

- Շնորհակալ եմ իմ հայ երկրպագուներից այսքան տարի ինձ աջակցելու համար: Ես ձեզ սիրում եմ: Ինչ վերաբերում է մյուս ընթերցողներին, եթե չտեսնեմ ձեզ ավելի շուտ, ուրեմն նախապես  մաղթում եմ և՛ հրաշալի ամառ, և՛ ուրախ Նոր տարի և՛ հիասքանչ կանանց միամսյակ (ծիծաղում է): Ցանկության դեպքում` կարող եք հետևել ինձ Instagram-ում  և Facebook-ում: Հուսով եմ`շուտով կտեսնվենք:

 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE