Երեւանի նորաձեւ աղջիկները. Անժելա Պողոսյան

14:19   23 հուլիսի, 2014

NEWS.am STYLE-ը շարունակում է ներկայացնել մեր մայրաքաղաքում բնակվող նորաձեւ աղջիկներին: Այս անգամ մեր խորագրի հերոսուհին ապագա լրագրող Անժելա Պողոսյանն է:

Անժելան 19 տարեկան է, սովորում է ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: «Թեև ամբողջ կյանքում երազել եմ լրագրող դառնալու մասին, բայց միայն վերջին մի քանի տարիների ընթացքում եմ հասկացել, որ ես չեմ կարող ապրել առանց արվեստի, նորաձեւության ու ստեղծագորելու: Սիրում եմ ընթերցել, դիտել հետաքրքիր, ճաշակով ու գեղեցիկ արված ֆիլմեր: Օրս շնչում է արվեստով, այն ինչ կապված է գեղեցիկի հետ, ինձ գրավում է բոլոր դեպքերում: Փորձում եմ ինքս էլ գեղեցկություն կերտել իմ hand-made աշխատանքներով, գրածս նյութերով, լուսանկարներով: Վերջինը նույնպես իմ տարերքներից է: Չեմ պակերացնում կյանքս առանց լուսանկարվելու»,-ասում է Անժելան՝ հավելելով, որ ժամանակ առ ժամանակ մտքում ծագում են նոր ֆոտոսեսիաների գաղափարներ, որն էլ ընկերների օգնությամբ իրականացնում է:

Անժելան շա՜տ երազանքներ ունի: Իր խոսքով՝ դրանց մի մասը հստակ նպատակներ են, մյուս մասը գույներ, որոնք ավելի վառ են դարձնում նրան ու նրա աշխարհը: «Ցանկանում եմ ժամանակակից արվեստի եւ նորաձեւության մեջ իմ հետքը թողնել եւ աշխատում եմ այդ ուղությամբ: Երազում եմ տեսնել Հնդկաստանը, լինել Սիդնեյում, հեծանիվ վարել Ամստերդամում ու թափանցիկ պատերով բնակարան ունենալ Նյու Յորքի կենտրոնում :)) Իսկ նյութական երազանքներից զատ եւ ամեն ինչից առավել, ցանկանում եմ երջանիկ ու լիարժեք կյանքով ապրել: Սա ոչ երազանք է, ոչ էլ նպատակ: Սա իմ իրականությունն է»,-նշում է նա:

Խոսելով հագուստի մասին, երիտասարդ լրագրողն ասում է, որ հագուստ ընտրելիս չի նայում՝ ինչն է հատկապես նորաձեւ, այլ ինչն է իրեն ու իր ներքին եղանակին ներդաշնակում: «Ավելի շատ շեշտը դնում եմ ոճայինության վրա, քան թրենդային լուք ունենալու: Սիրում եմ համադրել գույները, ոճերը... այս ամենը անում եմ մեծագույն սիրով ու հաճույքով: Գտնում եմ, որ պարտադիր չէ թանկ կամ շատ հագուստներ ունենալ հետաքրքիր տեսք ունենալու համար: Ավելի կարևոր է ոճի եւ չափի զգացողությունը: Եվ ամենակարեւորը, լուքը կերտելիս պետք է անհատականություն մնալ, յուրահատուկ լինել, ի վերջո՝ հագուստը մեր մասին շատ բան է պատմում»:




© NEWS.am STYLE