«Նոր ալիք-2014». Սոնա Ռուբենյանի եւ Մհերի կատարումը Հայաստանին 143 միավոր բերեց

23:49   24 հուլիսի, 2014

Յուրմալայում ընթանում է «Նոր ալիք» միջազգային երգի մրցույթի երկրորդ մրցութային համերգը, որի ընթացքում 13 երկրների 16 մասնակիցներ կատարում են իրենց երկրի հիթերը՝ նախորդ տարիներին մրցույթում իրենց երկիրը ներկայացրած մասնակցի հետ։ Սոնա Ռուբենյանը Մհերի հետ երգեց «Հայաստան» երգը: Երգի ավարտին Սոնան չկարողացավ զսպել արցունքներն ու արտասվեց:

Ժյուրին, որի կազմում են Իգոր Նիկոլաեւը, Լայմա Վայկուլեն, Լեոնիդ Ագուտինը, Վալերի Մելաձեն, Կոնստանտին Մելաձեն, Ֆիլիպ Կիրկորովը եւ Իգոր Կրուտոյը, Սոնայի եւ Մհերի ելույթը գնահատեց առավելագույն՝ 11 գնահատականով (բացի Իգոր Նիկոլաեւից, ով մեր մասնակիցների ելույթը գնահատեց 10 միավորով)՝ Հայաստանին տված միավորների թիվը հասցնելով 143-ի:

Հիշեցնենք, որ երեկ՝ մրցութային առաջին օրը, Սոնա Ռուբենյանը երգեց Մայլի Սայրուսի «Wrecking ball» երգը՝ հավաքելով 67 միավոր եւ հայտնվելով 9-րդ հորիզոնականում:

Նշենք, որ վաղվա համերգը մրցութային չի լինելու: Երրորդ եւ վերջին մրցութային համերգը կկայանա հուլիսի 26-ին, որի ընթացքում մասնակիցները պետք է կատարեն հեղինակային ստեղծագործություններ: Հայաստանի ներկայացուցիչը կերգի իր «Աշնան սերենադ» երգը:



© NEWS.am STYLE