«Սոնայի ելույթից հետո Կիրկորովը որոշեց վերադառնալ Հայրենիք». Անդրեն, Սոնան եւ Մհերը կիսվեցին իրենց տպավորություններով

00:23   25 հուլիսի, 2014

Յուրմալայում ընթանում է «Նոր ալիք» միջազգային երգի մրցույթի երկրորդ մրցութային համերգը, որի ընթացքում 13 երկրների 16 մասնակիցներ կատարում են իրենց երկրի հիթերը՝ նախորդ տարիներին մրցույթում իրենց երկիրը ներկայացրած մասնակցի հետ։

Մեր երկիրը ներկայացնող Սոնա Ռուբենյանը Մհերի հետ երգեց «Հայաստան» երգը: Երգի ավարտին Սոնան չկարողացավ զսպել արցունքներն ու արտասվեց: Ժյուրին նրանց  ելույթը գնահատեց առավելագույն՝ 11 գնահատականով (բացի Իգոր Նիկոլաեւից, ով մեր մասնակիցների ելույթը գնահատեց 10 միավորով)՝ Հայաստանին տված միավորների թիվը հասցնելով 143-ի:

Ելույթից հետո Սոնա Ռուբենյանը, Մհերն ու Անդրեն ուղիղ եթերում կիսվեցին իրենց տպավորություններով:

Անդրեն ասաց, որ իրենք զգում էին, որ ժյուրին առավելագույն գնահատական է տալու մեր մասնակիցներին: «Անգամ Կիրկորովը Սոնայի ելույթից հետո որոշեց վերադառնալ Հայրենիք»,-նշեց Անդրեն:

Սոնա Ռուբենյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց իրեն սատարողներին, հանդիսատեսին եւ հեռուստադիտողներին, որոնցից միայն ոգեւորող խոսքեր է լսել: «Նրանց ուժն ու օգնությունը զգացել եմ բեմում»,-ասաց Սոնան:

Մհերն էլ նշեց, որ շատ շնորհակալ է Սոնային կատարման համար: «Դու շատ լավ կատարեցիր: Նույնիսկ երբ ես միայնակ եմ կատարում այս երգը, քեզ հետ կատարելով՝ ես տարբերություն չզգացի»:



© NEWS.am STYLE