«Նոր ալիք-2014». Իգոր Նիկոլաեւ՝ ինչու՞, կամ ինչո՞վ է «Նոր ալիքը» տարբերվում «Եվրատեսիլից»

11:02   25 հուլիսի, 2014

Երեկ Յուրմալայում կայացել է «Նոր ալիք» միջազգային երգի փառատոնի երկրորդ մրցութային համերգը։ Մեր երկիրը ներկայացնող Սոնա Ռուբենյանը Մհերի հետ հիանալի կատարել է «Հայաստան» ստեղծագործությունը: Ժյուրին, որի կազմում են Իգոր Նիկոլաեւը, Լայմա Վայկուլեն, Լեոնիդ Ագուտինը, Վալերի Մելաձեն, Կոնստանտին Մելաձեն, Ֆիլիպ Կիրկորովը եւ Իգոր Կրուտոյը, Սոնայի եւ Մհերի ելույթը գնահատել է առավելագույն՝ 11 միավորով, բացի Իգոր Նիկոլաեւից, ով մեր մասնակիցների ելույթը գնահատել է 10 միավորով։

Ամփոփելով երկու օրերի միավորների թիվը՝ առաջին տեղում է Վրաստանը ներկայացնող Նուցա Բուզալաձեն է, իսկ Հայաստանը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը: Երեկվանից մեզ բոլորիս հուզում է միայն մեկ հարց՝ Իգոր ինչու՞։

Նույնիսկ եթե այդ մեկ միավորը ոչ մի բան չէր փոխելու, միեւնույնն է, մեզ հետաքրքիր է, թե ինչու՞ Իգոր Նիկոլաեւը այդպես վարվեց։

Անկեղծ ասեք, ակնկալու՞մ էիք, որ դեռ երգը չավարտված, Կիրկորովը իր գլխավերեւում կպահի 11 առավելագույն գնահատականը։

Ի դեպ, երեկ ժյուրին, կարծես թե, մի փոքր ավելի բարի էր եւ հենց առաջին կատարումից սկսած բարձր միավորներով էր գնահատում մասնակիցների ելույթները։

Ապա, անկեղծ ասեք, ի՞նչ գործ ունի Պլակսինան առաջատար հորիզոնականներում։

Չէ՞ որ նա խայտառակ ելույթ ունեցավ Իրինա Դուբցովայի հետ (ներողություն, հարգելի Իրինա)։ Այդ հիանալի երգը՝ «Кому, Зачем», սկիզբը պարզապես անտանելի էր հնչում, իսկ Նոդարի եւ Գագարինայի դուետից ավելի մեծ ակնկալիքներ ունեինք. երգը այնքան էլ չգերեց հանդիսատեսին։ Պետրիկն իր դիրքերին ոչ համապատասխան ելույթ ունեցավ, իսկ ինչ վերաբերում է Նուցային եւ Ռիբիկին՝ խոսքեր չկան, հզոր ելույթներ էին։

Բայց Իգոր, մի հարց. ապա ինչո՞վ է «Նոր ալիքը» տարբերվում «Եվրատեսիլից»։



© NEWS.am STYLE