«Մայրիկ» երգի լավագույն cover տարբերակը. Քրիստինե Պեպելյան

14:41   2 օգոստոսի, 2014

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր «Մայրիկ» երգի cover տարբերակը, որը կատարում է հենց հեղինակի՝ Արամ Ավագյանի,  դուստրը՝ Լիան։

«Սա  «Մայրիկ» երգի լավագույն Cover տարբերակն է, որ երբեւէ լսել եմ։ Երգում է փոքրիկ Լիան... Իմ տաղանդավոր ընկեր, «Մայրիկ» երգի հեղինակ Արամ Ավագյանի դուստրը»,- իր էջում գրել է երգչուհին։

«Իմ երգացանկում ամենայուրահատուկ երգը «Մայրիկ»-ն է։ Վստահաբար կարող եմ ասել, որ մինչ օրս էլ այն սիրում են։ 10 տարի է անցել, սակայն մինչեւ հիմա մարդիկ այդ երգը լսում են հուզմունքով, արցունքներով։ Իմ կարծիքով, եթե երգը այդքան տարիների ընթացքում դեռ շարունակում է էմոցաներ առաջացնել մարդկանց մոտ, ուրեմն այն լավագույնն է»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Քրիստինեն։

«Մայրիկ» երգն ունի շատ cover տարբերակներ։ Մեծ, թե փոքր սիրում եւ երգում են այդ երգը։

«Շատ եմ լսել «Մայրիկ» երգի cover տարբերակները։ Շատ երիտասարդներ ցանկանում են իրենց տարբերակն առաջարկել, որը բոլորն էլ ինձ համար շատ հուզիչ են եւ շատ գեղեցիկ, եւ առհասարակ, երբ մարդիկ իմ երգերը երգում են, դա ինձ մոտ մեծ էմոցիաներ է արթնացնում, եւ ես շատ եմ ոգեւորվում եւ ուրախանում։ Բայց  «Մայրիկ» երգի cover տարբերակներից կառանձնացնեմ հենց Լիայի կատարումը, որը ես լսելիս հուզվել էի եւ անկեղծ չէի պատկերացնում, որ երբեւէ այդպիսի զգացում կունենամ։ Լիան մոտ 5-6 տարեկան է եւ փաստորեն ստացվում է, որ երգը իրենից շուտ է ստեղծվել։ Եվ արի ու տես տարիներ հետո այդ երգը երգում է մի փոքրիկ աղջիկ, ով հեղինակի դուստրն է։ Զարմացած եմ, նա այնքան փոքր է եւ այնքան լավ է կատարում, որ բառերով անգամ չես կարողանում նկարագրել»,- նշեց Քրիստինեն։

Փոքրիկ Լիան իր կատարումով երգչուհու համար ներշնչանքի աղբյուր է դարձել. «Այս կատարումը լսելիս շատ եմ ոգեւորվել։ «Մայրիկ» երգը նվիրում եմ աշխարհի բոլոր մայրերին եւ Լիան նույնպես միացավ իմ այս կոչին՝ երգելով այդ երգը»։



© NEWS.am STYLE