Հայտնի մարդիկ՝ Ռոբին Ուիլյամսի մասին

11:15   12 օգոստոսի, 2014

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հայտնի կոմիկ Ռոբին Ուիլյամսն ինքնասպանություն է գործել օգոստոսի 12-ի գիշերը։ Նրա մարմինը գտել են Կալիֆոռնիա նահանգի Տիբուրոն քաղաքում գտնվող իր տանը։ Հայտնի մարդիկ իրենց կարծիքն են արտահայտել այս միջադեպի մասին։

«Այսօր առավոտյան ես կորցրեցի իմ ամուսնուն եւ լավագույն ընկերոջը, միեւնույն ժամանակ աշխարհը կորցրեց մի հանճարեղ դերասան եւ հիանալ մարդ։ Մենք հուսով ենք, որ բոլորը կհիշեն ոչ թե նրա մահը, այլ այն երջանիկ պահերը, որոնք նա պարգեւել է նրանց»,- ասել է նրա կինը՝ Սյուզան Շնայդերը։

«Ես խորապես ցնցված եմ. Ռոբին Ուիլյամսը հիանալի, ազնիվ եւ տաղանդավոր անձնավորություն էր»,- Twitter-ում գրել է Սթիվ Մարթինը։

Բեթ Միդլերն իր միկրոբլոգում գրել է. «Օ՜ Աստված իմ. Ռոբին Ուիլյամսը մահացել է»։

Ջենիֆեր Լոպեսը Instagram-ում մի համատեղ լուսանկար է հրապարակել եւ մեկնաբանել այսպես. «Տխուր, տխուր օր է. իմ ցավակցությունն եմ հայտնում Ռոբինի ընտանիքին եւ նրա ընկերներին։ Նա իսկապես կոմեդիկ մի կերպար  էր եւ մենք շատ ենք կարոտելու նրան»։

Նույնիսկ կինոարվեստից հեռու մոդել Նայոմի Քեմփբելը կրկին սոցցանցերից մեկում Ռոբինի լուսանկարն է հրապարակել եւ գրել. «Իմ ցավակցությունն եմ հայտնում քո ընտանիքին»։

Դերասանուհի Սառա Միշել Գելարը Ռոբինին այսպես է անվանաել՝ «Հայր, ում մասին կարելի է միայն երազել»։

Լեդի Գագան Twitter-ում շատ լուրջ գրել է. «Հանգչիր խաղաղությամբ, Ռոբին Ուիլյամս։ Միգուցե այս ողբերգությունն աշխարհը դեպրեսիայի մեջ կգցի, քանի որ դու մեզ այնքան էիր երջանկացնում»։

«Նա մեր կյանք էր մտել ասես մի այլմոլորակային, եւ դիպչում էր մարդկային սրտի յուրաքանչյուր լարի»,- ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի խոսքերը հայտնել է CNN-ը։«Ռոբին Ուիլյամսը օդաչու էր, բժիշկ, նախագահ, պրոֆեսոր. ամեն ինչից մի քիչ- մի քիչ, բայց նա միակն էր իր տեսակի մեջ»,-ասված է նախագահի հայտարարության մեջ։

«Օբամայի ընտանիքն իր ցավակցությունն է հայտնում Ուիլյամսների ընտանիքին ու նրա ընկերներին»,- տեղեկացրել է Սպիտակ տունը։

Դերասանը չորս անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակին արժանանալու համար, սակայն «Բարի առավոտ, Վիետնամ», «Մահացած պոետների հասարակություն», «Թագավոր-ձկնորս» ֆիլմերը նրան հաջողություն չեն բերել։ Ռոբին Ուիլյամսը մրցանակի է արժանացել Good Will Hunting (1997) ֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում։

Նա Entertainment Weekly-ի կողմից ճանաչվել է «Աշխարհի ամենաուրախ մարդը»։

«Ե'ւ էկրաններին, ե'ւ իրական կյանքում նա մեծահոգի անձնավորություն էր, մեծ սիրտ ու հումորի զգացում  ուներ, որոնք կարող էին երջանկացնել ցանկացած մարդու»,-Variety հրատարակության ասել է Շոն Լեւին։

Պետք է նշել, որ Ռոբին Ուիլյամսը մյուս տարի պատրաստվում էր  շարունակել իր հայտնի ֆիլմերից մեկի՝ «Mrs. Doubtfire»-ի նկարահանման աշխատանքները։

Ռոբին Ուիլյամսը երեք անգամ է ամուսնացել։ Նրա առաջին կինը դերասանուհի Վալերիա Վելարդին էր, ում հետ ապրել է 10 տարի եւ ունի մեկ որդի՝ Զակարին։ 1989թ-ին Ռոբինը ամուսնացել է Մարշ Գրասեսի հետ եւ ունեցել երկու երեխա՝ Կոդին եւ Զելդան։ Նրա երրորդ ամուսնությունը պաշտոնապես գրանցվել է 2011թ-ին։ 



© NEWS.am STYLE