Էքսկլյուզիվ հարցազրույց. Մարտ Բաբայանին ցանկանում էին ձերբակալել... ձայնի պատճառով

10:04   13 օգոստոսի, 2014

Երգիչ եւ երգահան Մարտ Բաբայանը վերջերս ստիպված է եղել բացատրություններ տալ ոստիկաններին իր... երգելու համար։ Մարտի ձայնն այս անգամ, կարծես, իր օգտին չի եղել։

Ոստիկանություն ահազանգել են Մարտի հարեւանները։ «Ոստիկանություն են կանչել այն բանի համար, որ ես օրվա ընթացքում տանը երգում եմ։ Ընդ որում, ոստիկանություն են զանգել այն մարդիկ, ովքեր ապրում են ներքեւի հարկում, իսկ կողքի հարեւանները բողոքելու մտադրություն անգամ չունեն։ Ձայնս հղկելու եւ պահպանելու համար ես ամեն օր պարապում ու երգում եմ, բայց մինչեւ 18։00 եւ ընդամենը 40 րոպե, ոչ ավելի։ Կարծում էի, որ ոչ մեկին չեմ խանգարում, բայց պարզվեց...»,- NEWS.am STYLE-ի թղթակցին պատմել է երգիչը։ «Ոստիկաններին ստիպված եղա բացատրել, որ ամեն տարի իրենց նվիրված տոնին անվճար երգելը հեշտ գործ չէ։ Դրա համար պետք է հետեւել ու պահպանել ձայնային տվյալները»,- ծիծաղում է Մարտը։

Ինչպես պարզվել է՝ այս վիճաբանությունը դեռեւս չի լուծվել. «Նրանք որոշել են մեկ այլ կերպ վրեժ լուծել ինձնից, քանի որ ոստիկանությունը եկավ ու գնաց, եւ ամեն ինչ հօգուտ ինձ էր։ Կարծում եմ, որ պետք է այլ միջոցներ ձեռնարկել եւ ցույց տալ իմ՝ կովկասյան տղամարդուն բնորոշ բնավորությունը»,-նշել է երգիչը։

Հիշեցնենք, որ Մարտն իր բնավորությունն ու առնականություն արդեն ցուցադրել է, երբ «Բլեֆ» հեռուսատածրագրի շրջանակներում պաշտպանել է մի անծանոթ կնոջ։ Հենց այդ ժամանակ բոլորը հասկացան, որ չնայած երգիչը մեծացել է Հայաստանից դուրս, բայց նրա գեներն ու խառնվածքը, միեւնույնն է, հայկական են։

Զրուցեց՝ Ա. Մ.



© NEWS.am STYLE