Հայտնի է «Մանկական նոր ալիք» մրցույթի հաղթողի անունը

11:29   19 օգոստոսի, 2014

Ավարտվել է «Մանկական նոր ալիք-2014» մրցույթը։  Երեկ կայացել է գալա-համերգը, որի ընթացքում հաղթողին շնորհել են իր մրցանակը։

Ինչպես հայտնել է Super.ru՝ մրցույթի հաղթող է ճանաչվել 12-ամյա Անդրեյ Բոյկոն՝ Կիեւից։

Հաղթողին մրցանակն անձամբ հանձնել է այս մրցույթի կազմակերպիչ եւ պրոդյուսեր Իգոր Կրուտոյը։ SUPER հրատարակությանը տված հարցազրույցի ժամանակ փոքրիկ երգիչը կիսվել է իր տպավորություններով։

«Ես ցնցված եմ,- իր զգացմունքների մասին պատմել է Անդրեյը,- ես շատ շնորհակալ եմ իմ երկրին՝ Ուկրաինային, շնորհակալ եմ Ռուսաստանին եւ Ղրիմին, որ ինձ հաղթանակ պարգեւեցին։ Միակ բանը, որ ես հիմա երազում եմ, մեր երկրների միջեւ խաղաղության հաստատումն է»։

Հիշեցնենք, որ «Մանկական նոր ալիք-2014» մրցույթում Հայաստանը ներկայացնում էր Դավիթ Վարդանյանը։ Հայտնի չէ, թե որ հորիզոնական է գրավել Դավիթը, քանի որ մրցույթը դեռեւս չի հեռարձակվել. այն եթերում կհայտնվի օգոստոսի վերջին։ 



© NEWS.am STYLE