«Ավելի լավ է այդ 100 դոլարը փոխանցեն Հայաստանի հիվանդ երեխաներին. Ջուսը չի միանում «Սառը ցնցուղ»-ին

13:03   22 օգոստոսի, 2014

Ինչպես NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է, ALS բարեգործական կազմակերպության՝ «Սառը ցնցուղ» ֆլեշմոբը հասել է Հայաստան։ Գնալով ավելանում է ակցիային միացած անձանց թիվը, ովքեր սառը ջրով ցողվելու մարտահրավեր են նետում տարբեր մարդկանց, այդ թվում եւ հայտնիներին։ Երեկ լուսանկարիչ Արթուր Վարդանյանը միացել է ակցիային եւ մարտահրավեր նետել Նազենի Հովհաննիսյանին, Ջուսին, Արտակ Վարդանյանին, Արա Կազարյանին եւ Մանուկ Ալեքսանյանին։

Նշենք, որ ակցիայից հրաժարվողները պետք է 100 դոլար եւ ավելի գումար փոխանցեն ակցիան նախաձեռնած ALS բարեգործական կազմակերպությանը, որը պայքարում է կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ հիվանդության դեմ, իսկ նրանք, ովքեր մասնակցում են ֆլեշմոբին, ընդամենը 10 դոլար են պարտավոր փոխանցել։

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Ջուսն ասաց, որ չի պատրաստվում միանալ ակցիային։ «Ավելի լավ է այդ 100 դոլարը փոխանցեն Հայաստանի քաղցկեղով հիվանդ երեխաներին։ Սա արտասահմանյան ակցիա է, նրանք նույնիսկ չգիտեն, թե Հայաստանը ինչ է։ Մենք ունենք Վարդավառ ու ավելի լավ է մերը առաջ տանենք, կամ ավելի լավ է կազմակերպել ուրիշ ակցիա Հայաստանի երեխաներին կամ հիվանդներին վերաբերող։ Պետք չի կրկնել այն, ինչ անում են արտասահմանում, այն էլ՝ փող փոխանցել իրենց հիվանդներին, եթե մենք ունենք մեր երկրում շատ խնդիրներ»,-ասաց երգչուհին։



© NEWS.am STYLE