47-ամյա Պամելա Անդերսոնը հրաժարվել է մասնակցել ALS Ice Bucket Challenge-ին

16:09   23 օգոստոսի, 2014

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Պամելա Անդերսոնը հրաժարվել է մասնակցել ALS Ice Bucket Challenge-ին եւ սառույցով ջուր լցնել իր վրա։ Աստղը մեղադրել է նյարդային  հիվանդությունների դեմ պայքարող գիտնականներին կենդանիների վրա փորձարկումներ կատարելու մեջ։

Դերասանուհին Facebook-յան իր էջում գրել է.

«Ես չեմ կարող մասնակցել այս ակցիային։ Այո, ես սիրում եմ համարձակ քայլեր անել, եւ օգնել խնդիրներ ունեցող մարդկանց, բայց ես իմ մասնակցության փոխարեն առաջարկում եմ ALS ասոցիացիային դադարեցնել կենդանիների վրա փորձարկումներ անելը։ Նրանք տանջում են մկներին, որոնք այնքան են հյուծվում, որ ուշաթափվում են, իսկ կապիկներին ներարկում են քիմիական նյութեր, հետո սպանում կամ անդամահատում։ Մարդկանց հիվանդությունները բուժելու նպատակով արված այս փորձարկումները չափազանց դաժան են։ Ես խնդրում եմ, օգնեք այն գիտնականներին, ովքեր իսկապես որոշակի հաջողությունների են հասնում այս բնագավառում. այցելեք HumaneSeal.org կայքը եւ աջակցեք այս հիմնադրամին, որը ոչ մի կերպ չի վնասում կենդանիներին եւ իր ողջ ուժն ու ժամանակը ներդնում է բուժման մեթոդներ փնտրելու համար»։

Հիշեցնենք, որ Պամելա Անդերսոնը PETA կազմակերպության անդամ է եւ մշտապես պայքարում է կենդանիների իրավունքների պաշտպանության համար։



© NEWS.am STYLE