Նամակ խմբագրությանը. Սպանել հրեշին

22:13   1 սեպտեմբերի, 2014

Արդեն 20 տարի է հրեշի հետ ապրում եմ մեկ հարկի տակ. խոսքն իմ սկեսուրի մասին է։ Ձեզանից շատերը կկարծեն, որ սա դժկամ հարսի հերթական բողոքներից մեկն է, սակայն հավատացեք, նույնիսկ ամենաոխերիմ թշնամուս չեմ ցանկանա նման մեկի հետ ապրել։ Իմ սկեսուրն ատում է ամեն ինչ ու բոլորին՝ անգամ իր երեխաներին եւ հանգուցյալ ամուսնուն։ Երբեմն ես զարմանում եմ, թե ինչպես կարող է աշխարհիս երեսին նման արարած լինել։ Հիշում եմ, երբ սկեսրայրս մահամերձ էր, նա խնդրեց, որ կնոջը սպանեն՝ մեզ այդ հրեշից ազատելու համար։ Իմ սկեսուրը ոչ մեկին չի սիրում եւ նրա կյանքի միակ նպատակն իր հարազատներին տանջելն է։ Ամեն օր նա անիծում է իր երեխաներին, ովքեր «անշնորհակալ» եւ «անխիղճ» են դարձել։ Նրա թոռներն անգամ չեն ցանկանում իր հետ շփվել։ Իմ որդին, ով արդեն 30 տարեկան է, չի ուզում տուն գալ, այդ «վհուկին» չտեսնելու համար։

Ինչքան էլ, որ սարսափելի է հնչում, բայց ընտանիքիս բոլոր անդամներն անհամբեր սպասում են, թե երբ է նա վերջապես հոգին ավանդելու։ Իսկ նա հոգի՞ ունի. ես անձամբ խիստ կասկածում եմ։ Նա արդեն 80 անց է եւ մի շարք հիվանդություններ ունի, բայց այն աշխարհ գնալու մտադրություն, կարծես թե, չունի։

Օրերս նա ամուսնու լուսանկարը ձեռքին զրուցում էր նրա հետ եւ ցույց տալով դստերն ասաց. «Ինչու ես ուզում ինձ տանել քեզ մոտ, դստերդ տար»։ Եվա այս հրեշն իրեն մայր է կոչում։ Քանի որ նա հիվանդությունների մի մեծ «փունջ» ունի, հետեւաբար նա չի կարողանում հոգալ իր կարիքները։ Հասկացեք, ես գիտեմ, որ ծերություն ուրախություն չէ, եւ բոլորին էլ ծերություն է սպասվում, բայց այն, ինչ անում է իմ սկեսուրը, պարզապես անտանելի է։ Նա դիտմամբ, այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել, հրաժարվում է կրել մեծերի համար նախատեսված տակդիրներ. ընդ որում կեղտոտում է ամենուր՝ որտեղ պատահի։ Երբեմն դիտմամբ քսում է պատուհաններին կամ լցնում գորգի տակ. ի դեպ, նա գիտակցում է իր արարքները։  Նա շատ ավելի առողջ ու խելացի է, քան ես ու ամուսինս։ Մի օր իմ խեղճ ամուսինն այնքան նյարդայնացավ, որ այլեւս  չկարողացավ զսպել իրեն եւ ասաց. «Երբ ես վերջապես մեռնելու»։ Այս կինն, ասես, սնվում է ատելությամբ, եւ դա իրեն ուժ է տալիս։ Ամեն անգամ, երբ բժիշկներն ասում են, որ նրան ապրելու մի քանի օր է մնացել, նա կարծես «վերակենդանանում է»։ Այդ նույն հիվանդություններն ունեցող մեկ ուրիշը վաղուց արդեն հանգչել էր գերեզմանում։ Բայց ոչ նա։ Այնպիսի տպավորություն է, ասես, այս ջադուն պայման է կապել սատանայի հետ։

Մեր խիղճը թույլ չի տալիս նրան ծերանոց կամ հոգեբուժարան տանել, բայց երբեմն ինձ թվում է, որ շուտով մենք ենք գժվելու։ Այսքան տարի ես հանդուրժել եմ նրան հանուն իմ ամուսնու, բայց հիմա սարսափելի մի բան է կատարվում. երբեմն ես ցանկանում եմ սպանել նրան։ Ես հուսահատված եմ, արդեն լիովին ուժասպառ եմ եղել, համբերությունս հատել է, այլեւս քրիստոնեական ողղորմածությունն էլ չի օգնում։ Որոշեցի գրել Ձեզ, որպեսզի ինչ-որ կերպ հոգիս թեթեւացնեմ։ Սպասում եմ ձեր խորհուրդներին։ Պարզապես այս ամենն անտանելի է, դժվար ու տանջալից։   

 

Վարդուհի Բ.



© NEWS.am STYLE