Օգոստոսի 29-ին կկայանա հայկական առաջին սարսափ ֆիլմի պրեմիերան (ֆոտո)

15:01   26 օգոստոսի, 2014

Օգոստոսի 29-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա հայկական առաջին սարսափ` «Մեռյալ հովիտ»  ֆիլմի պրեմիերան:

««Մեռյալ հովիտը» նկարահանվել է ռեալթի-սարսափ ժանրում: Հիմնականում ընտրել ենք անփորձ դերասանների, ովքեր դեռ ոչ մի տեղ չեն նկարահանվել։ Ինչ-որ տեղ սա փորձարկում է, քանի որ Հայաստանում առաջին անգամ է նկարվում սարափ ֆիլմ»,- ասաց սցենարի հեղինակը՝  Հարություն Ղուկասյանը։

«Մեռյալ հովիտ» կոչվող արգելանոցի տարածքում անհետացել է ավելի քան տասը մարդ: Երբ գտնվել են մահացած մարմինները,  բժշկական փորձաքննությունը բռնության հետքեր չի հայտնաբերել, և պարզ է դարձել, որ կորածները մահացել են  սրտի կանգից, որի պատճառը կարող էր լինել անսպասելի, ուժեղ վախի զգացողությունը: Մի քանի տարի անց, այդ նույն տարածքում, չորս երիտասարդներ որոշում են իրենց ընկերոջ ծննդյան տարեդարձը նշել...»։


Ֆիլմի ստեղծագործական կազմը կարողացել է գտնել նյութեր և այդ նյութերի հիման վրա  նկարահանել ֆիլմը:  Գեղարվեստական ֆիլմում տեղ գտած անունները և տեղանունները փոփոխված են:

Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Ռոման Մուշեղյանը: Սցենարը գրվել է Հարություն Ղուկասյանի կողմից, պրոդյուսերի դերում հանդես է եկել  Հովհաննես  Գրիգորյանը,  բեմադրող օպերատորն է Արտո Խաչատուրյանը:

Ֆիլմի Soundtack-ը կատարում է The Beautified Project խումբը: Խմբի մեներգիչ Անդրե Սիմոնյանը նշեց․ «Երգն անպայման կունենա տեսահոլովակ։ Որոշել ենք, որ ֆիլմից հատվածներով հավաքենք։ Իսկ ֆիլմի պրեմիերային հանդիսատեսին սպասվում են հետաքրքիր անակնկալներ»։ 



© NEWS.am STYLE