Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը ստիպված կլինեն կրկին ամուսնանալ

13:20   30 օգոստոսի, 2014

Ինչպես արդեն հայտնել ենք, օգոստոսի 23-ին Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը գաղտնի ամուսնացել են Ֆրանսիայում։ Բայց Բրեդի եւ Անջելինայի ամուսնությունն օրինական չէ, քանի որ, ըստ Կալիֆոռնիա նահանգի օրենքների, նրանք պետք է հարսանիք կազմակերպեին ԱՄՆ-ում՝ ամուսնությունն օրինական ճանաչվելու համար, տեղեկացրել է Daily mail-ը։

Կալֆոռնիայում տրված ամուսնական վկայականն օրինական է համարվում միայն այն դեպքում, եթե հարսանիքը նույնպես կատարվում է այս նույն նահանգում։ Այսինքն՝ կամ զույգը պետք է ամուսնանար Ֆրանսիա գնալուց առաջ, կամ կրկին հարսանիք կազմակերպի Կալիֆոռնիայում։

Լոս Անջելեսի տարածքային ռեգիստրի մամլո քարտուղարը նշել է, որ զույգն ամուսնական վկայական ստանալուց հետո 90 օրվա ընթացքում պետք է հարսանիք կազմակերպի՝ իրենց միությունն օրինական դարձնելու համար։

Բացի այդ, ըստ ֆրանսիական օրենքների, հայտնի զույգի ամուսնությունը վավեր չէ նաեւ Ֆրանսիայում, քանի որ նրանց ամուսնությունն իրականացրել է Կալիֆոռնիայից եկած պաշտոնյան, ով այդպիսի իրավասություններ չունի Ֆրանսիայում։

Մնում է սպասել եւ տեսնել, թե ինչպես է պատրաստվում զույգը օրինականացնել իր ամուսնությունը։

 

Աղբյուրը՝ Daily mail



© NEWS.am STYLE