«Այս կրթական համակագի մեջ խուճապ եւ խառնաշփոթ կա». Զարուհի Բաբայան

11:22   1 սեպտեմբերի, 2014

Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի օրը, եւ Հայաստանի դպրոցներում պաշտոնապես մեկնարկում է նոր ուսումնական տարին: ՀՀ վաստակավոր արտիստ Զարուհի Բաբայանը դպրոցական տարիներին հատուկ չի նախապատրաստվել սեպտեմբերի 1-ին, հագուստի ավանդական գնումներ էլ չեն եղել, քանի որ դպրոցում համազգեստ են կրել, իսկ, ահա, ուսանողական տարիներին այլ է եղել սեպտեմբերի 1-ը:

«Պատրաստվում էինք սեպտեմբերի 1-ին, որովհետեւ պիտի հանդիպեինք ընկերներին: Առաջին շաբաթը միշտ հաճույքով էինք գնում, քանի որ դասերն ավելի թեթեւ էին, ամեն ինչ գունեղ էր, հետո արդեն, երբ ծանրաբեռվում էիր, ընկնում ռիթմի մեջ, ամեն ինչ դառնում էր մոխրագույն»,-ասաց երգչուհին:

Ինչպես հայտնի է, երգչուհին երկու երեխա ունի՝ դուստր, ով այս տարի փոխադրվել է 8-րդ դասարան, եւ որդի, ով այժմ 6-րդ դասարանում է: Խոսելով նրանց մասին, Զարուհի Բաբայանն ասաց, որ արդեն առանձնապես չեն նախապատրաստվում դպրոցին, հատուկ միջոցառումներ չեն անում, քանի որ սեպտեմբերմեկյան ոգեւորությունը, կարծես, ավելի շատ կրտսեր դասարաններում է լինում: Երգչուհին սովորաբար առաջին օրը երեխաների հետ գնում է դպրոց, որպեսզի ծանոթանա նոր ուստարվա պահանջներին կամ էլ մինչ ուսումնական տարվա մեկնարկը մասնակցում ծնողական ժողովին:

Անդրադառնալով ներկայիս կրթական համակարգին, երգչուհին նշեց, որ այն դեռ թերի է:

«Այս համակարգի մեջ խառնաշփոթ եւ խուճապ կա: Հատկապես երբ երեխան մոտենում է ավագ դպրոցի շեմին, դրանով քո խուճապն ավելանում է, որովհետեւ չես հասկանում, թե ինչ ծրագրով են դասերն անում, ինչպես է ընթանում այդ ամենը: Ես կարծում եմ, որ դեռ թերի է մեր համակարգը»,-ընդգծեց նա:


Ի դեպ, Զարուհի Բաբայանի դուստրը՝ Սոֆին, ով հանդես է եկել ֆիլմերում եւ սերիալներում որպես դերասանուհի, կարծես թե, չի պատրաստվում այդ ուղով շարունակել: Սոֆին հետաքրքրված է դիզայնով:

«Աղջիկս պարբերաբար նկարահանումներ ունենում է, բայց, կարծես թե, առավել շատ տարված  է դիզայնով, ուզում է աշխատել ապակու հետ: Այս տարի նա հաճախելու է Կոջոյանի անվան դպրոց, որտեղ արվեստի հանդեպ առավել շատ ուշադրություն կա, եւ մենք ուզում ենք, որ նա արդեն այսօրվանից հասկանա՝ արդյոք դա իրեն պետք է, որպեսզի խուճապը չսկսվի վերջին պահին»:

Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE