Աշուն-2014. գլխավոր նորաձեւ միտումներն ու գույները

10:14   2 սեպտեմբերի, 2014

Տարվա ամենագեղեցիկ եղանակը՝ թավշյա աշունը, արդեն սկսվել է: Թեեւ եղանակը դեռ ամառային է, այնուամենայնիվ, օդում արդեն զգացվում է աշնան սառը շունչը, եւ, ուրեմն, ժամանակն է վերադասավորել զգեստապահարանն ու անցնել աշնանային հագուստի: Գաղտնիք չէ, որ տարվա յուրաքանչյուր եղանակի համար դիզայներներն առաջարկում են նոր միտումներ:  Իմի բերելով 2014-ի ձմռանն անցկացված մի շարք նորաձեւության շաբաթների հիմնական ցուցադրությունները, ուր աշխարհահռչակ նորաձեւության տները ցուցադրեցին իրենց աշնանային հավաքածուները, կարելի է հստակ սահմանել այս աշնան գլխավոր միտումները:

Սկսենք գույներից: Ընդհանրապես, աշունն ասոցացվում է դեղինի, կարմիրի, շագանակագույնի, խակիի, բորդոյի եւ նմանատիպ այլ գույների հետ, եւ աշնանային հագուստն էլ պետք է իր մեջ ներառի վերոնշյալ գույները: Հավանաբար հենց սրանով են այս տարի առաջնորդվել մի շարք դիզայներներ: Այսպես, տարեսկզբին Միլանի նորաձեւության շաբաթվա ընթացքում ցուցադրված՝ Gucci նորաձեւության տան աշնանային հավաքածուն բաղկացած է հենց այս գույների զգեստներից:

Բացի այդ, Gucci-ն աշնան համար առաջարկում է նաեւ անչափ եթերային եւ նուրբ գույներ՝ մի փոքր անսովոր թախծոտ եւ մռայլ աշնան եւ սովորական՝ վառ ու ոճային աղջիկների համար: Պաստելային երանգները այս աշնան հիթերից կլինեն:

Prada նորաձեւության տան աշնանային հավաքածուն մի փոքր տարբերվում է գույների եւ նախշերի համարձակ եւ առավել խիստ համադրությամբ: Կարմիր, սեւ, ոսկեգույն, կանաչ, դեղին. աշխարհահռչակ ապրանքանիշի դիզայները, կարծես թե, չի շեղվել աշնանային երանգներից:

Նույն կարմիրի, սեւի, նարնջագույնի, բեժի համադրությամբ է ստեղծվել Roberto Cavalli-ի 2014 թվականի աշնանային հավաքածուն, որը համադրվել է ցուրտ եղանակներին այնքան անհրաժեշտ մորթիով:

Միլանի նորաձեւության շաբաթվա ամենաքննարկվող ցուցադրություններից էր Dolce&Gabbana-ի հեքիաթային հավաքածուն: Բացի այն, որ հավաքածուն բաղկացած է մուգ կանաչի, շագանակագույնի, ոսկեգույնի, դեղինի, դարչնագույնի հետաքրքիր համադրություններից, այն նաեւ բնության նախշեր է պարունակում՝ ծաղիկներ, ճյուղեր, կենդանիներ:

Ինչպես տեսնում եք, համաշխարհային նորաձեւության տներն ու դրանց դիզայներներն իրենց աշնանային հավաքածուները ստեղծել են՝ չհեռանալով բնությունից եւ հավատարիմ մնալով աշնան գույներին: Այսպիսով, իմի բերելով այս ամենը, վստահորեն կարելի է աշնանային զգեստապահարանը համալրել դարչնա-շագանակագույնի, դեղինի, կանաչի, կարմիրի եւ բորդոյի, ոսկեգույնի եւ սեւի, ինչպես նաեւ պաստելային երանգների համարձակ համադրություններով:

 Շուշան Շատիկյան



© NEWS.am STYLE