Ավետի, Էրիկի եւ Մերիի դպրոցական լուսանկարներն ու հիշողությունները (ֆոտո)

15:15   2 սեպտեմբերի, 2014

Երբ գալիս է սեպտեմբերը յուրաքանչյուրս հիշում ենք մեր առաջին քայլերն ու դպրոցական խենթությունները: Հաղորդավարներ Ավետը, Էրիկը եւ Մերին կիսվել են իրենց դպրոցական հիշողություններով:

Ավետ Բարսեղյանը դպրոցական տարիներին շատ լավ է սովորել, նույնիսկ դժվարանում է կոնկրետ սիրված առարկա առանձնացնել: «Իսկ գրելու ձիրքս ինձ համար բացահայտեցի Վերջին զանգի սցենարը գրելու ժամանակ»: 

 Ավետ Բարսեղյանը սովորել է Երեւանի թիվ 122 դպրոցում


«Ազատ գոտի» ծրագրի հաղորդավար Էրիկ Անթառանյանը թեև շատ կարճ ժամանակով, բայց կապել է պիոներական վզկապ, որը միշտ հետաքրքիր պարտավորվածության զգացողություն է առաջացրել իր մոտ: «Չեմ ասում հետ վերադառնան այդ ժամանակները: Բայց այսօր մեր դպրոցականներին՝ այսինքն սոցիումի համատարիք շերտի մի լայն զանգվածի, նման մի առաքելություն հաստատ պետք է, ու թող, որ այն նշանավորվի մեր զինանշանը կրող կապերով՝ թեւկապ կլինի թե վզկապ»:
Էրիկի մտքում վառ է նաեւ այն օրվա տպավորությունը, երբ առաջին անգամ շրջանային օլիմպիադայի հաղթող է դարձել: «Հաջորդ օրն էլ ծննդյանս օրն էր: Մաթեմատիկան պարզապես սիրել էի: հատկապես «օլիմպիական» մաթեմատիկան: Ուսուցչուհին՝ երջանկահիշատակ ընկեր Նավասարդյանը չոր կին էր: Դեմքին ժպիտ հազվադեպ կտեսնեիր: Այդ օրը մտավ դասարան Ձեռքին ծաղիկներ: Առանց որեւէ բառ ասելու մոտեցավ ինձ: Դասարանը լուռ էր: Մոտեցավ. – Ոտքի: Կանգնեցինք: -Շնորհավո′ր ծննդյանդ օրը: Ապրե′ս տղաս, դու իմ հպարտությունն ես: Դասարանը ծափահարեց, հետո էլի բոլորը լուռ էին: Մինչ այդ երբեք նրանից այսպիսի հուզումնալից պահ որևէ մեկը չէր տեսել: Նրան սիրում էին բոլորը»: 
Էրիկ Անթառանյանը սովորել է Երեւանի թիվ 144 դպրոցում

Առաջին ալիքի հաղորդավար Մերի Ներսիսյանը վստահ է՝ նա սովորել է Երեւանի լավագույն դպրոցներից մեկում` Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցում: Բացի տարբեր ձեռքբերումներից, դպրոցական տարիներն իր համար ճակատագրական են դարձել, որովհետեւ հենց դպրոցում է գտել իր 3 ընկերուհիներին, ում հետ դպրոցական տարիներն ավելի ուրախ, խենթ ու աննկարագրելի են անցել:



© NEWS.am STYLE