Երեք ֆիլմ, որ կարելի է դիտել ուրբաթ երեկոյան. NEWS.am STYLE-ի ընտրությունը

12:38   5 սեպտեմբերի, 2014

Ուրբաթ երեկոյան կարելի է զբոսնելով գնալ մայրաքաղաքի կինոթատրոններից մեկը։ Այսօրվա կինո-ընտրանիում մենք Ձեզ համար առանձնացրել ենք Երեւանի կինոթատրոններում ցուցադրվող երեք ֆիլմ, որոնք դուր կգան յուրաքանչյուրին։

Եթե սարսափ ֆիլմերի սիրահար եք կամ պարզապես ուզում եք փորձել Ձեր նյարդերը, ապա առաջարկում ենք Cinema Star կինոթատրոնում դիտել Սքոթ Դերիսկսոնի «Ազատիր մեզ չարիքից» ֆիլմը, որը ինչպես պնդում են ֆիլմի ստեղծողները՝ հիմնված է իրական փաստերի վրա։ Ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը մի ոստիկան է՝ Ռալֆ Սարչին (Էրիկ Բանա), ով բավականին շատ խնդիրներ ունի եւ հետաքննում է մի շարք տարօրինակ եւ անբացատրելի հանցագործություններ։ Հետաքննության ընթացքում նա դիմում է մի էկզորցիստ- վանականի օգնությանը։

Այս ֆիլմում օգտագործված են մռայլ գույներ, սարսափեցնող երաժշտություն, մշտական լարվածություն՝ «ահա, հենց հիմա այս մեռած աղջիկը կբացի իր աչքերը...»։ Բավականին սրամիտ սյուժե եւ հիանալի դերասանական խաղ։

Ավելի ինտելեկտուալ ֆիլմերի սիրահարներին առաջարկում ենք դիտել ռեժիսոր Ֆիլիպ Նոյսի, Մերիլ Սթրիփի եւ Ջեֆ Բրիջեսի «Նվիրվածը» (The Giver) ֆիլմը։ Չի կարելի ասել, որ այն ինտելեկտուալ ֆիլմ է (այդ բառի ուղիղ իմաստով), բայց այն ստիպում է դիտողին մտածել մշտական արժեքների մասին։ Ֆիլմը հիմնված է Լոիս Լորիի գրքի վրա։ Ֆիլմը պատմում է մի յուրահատուկ ու կատարյալ աշխարհի մասին, որտեղ ծնվում է գլխավոր հերոսը։ Այստեղ ոչ մի պատերազմ, ոչ մի ցավ, ոչ մի տանջանք չկա. աշխարհ, որը զրկված է զգացմունքներից ու զգացումներից։ Բայց ամեն ինչ միանգամից փոխվում է, երբ գլխավոր հերոսը «նվիրյալ ու ընտրյալ» է դառնում։ Նրան պետք է փոխանցվի նախնիների բոլոր զգացմունքներն ու հիշողությունը, եւ Ջոնասը սկսում է հասկանալ, որ իր մտածած «կատարյալ աշխարհը» իրականությունից եւ կատարելությունից շատ հեռու է։ Իմ կարծիքով՝ քանի որ ֆիլմում ակտիվ գործողություններ չկան, ապա այն կարող է մի փոքր ձանձրալի լինել։ Այնուամենայնիվ պետք է դիտել այս ֆիլմը, որը մտածելու տեղիք է կտա։

Իսկ եթե սարսափ ֆիլմերն ու մելոդրամները Ձեզ համար չեն, ապա կարելի է դիտել «Իբրև թե ոստիկաններ»  ֆիլմը։ Սովորական մի պատմություն երկու ընկերների մասին, ովքեր հագնում են ոստիկանի համազգեստն ու ընկնում փորձանքի մեջ։ Ֆիլմը բավականին թեթեւ է, կարիք չկա ուղեղը լարել կամ ծանրաբեռնել, այլ պարզապես պետք է մոռանալ հոգսերն ու մի լավ ծիծաղել...



© NEWS.am STYLE