Կալանետիկա՝ սպորտաձեւ ծույլերի համար

19:12   20 սեպտեմբերի, 2014

Կանայք հիմնականում մարզասրահ հաճախում են իրենց կազմվածքից դժգոհելու պատճառով, քանի որ ցանկություն ունեն ավելի գեղեցիկ ու սլացիկ մարմին ունենալ։ Կալանետիկան այն սպորտաձեւն է, որ կօգնի արագ մարզել Ձեր մարմինը։ Վարժությունների այս համակարգը կարելի է անվանել «ծույլերի մարմնավարզություն»։

Եթե ժամանակ, ցանկություն եւ միջոցներ չունեք մարզասրահ գնալու համար, ապա կարող եք մարզվել տանը։

Այս պարապմունքներն ուժային կամ ծանրաբեռնող վարժություններ չեն. ընդհակառակը՝ դրանք շատ հաճելի, ռիթմիկ ու ազդեցիկ մարզումներ են։ Կալանետիկա խթանում է նույնիսկ այն մկանները, որոնք մարդու կյանքի ընթացքում այնքան էլ հաճախ չեն գործում կամ մարզվում։

Եթե օրական գոնե մեկ ժամ կալանետիկայով զբաղվեք, ապա արդյունքն ակնհայտ կլինի մեկ ամիս անց։ Մարմինը նոր ձեւ ու տեսք կստանա, ավելորդ ճարպը կանհետանա, եւ ամենակարեւորը՝ ներդաշնակությունը մշտապես կուղեկցի Ձեզ։

Կալանետիկան մարզում ու ձգում է խորը մկանները, որոնք առօրյա կյանքում այնքան էլ հաճախ չեն օգտագործվում։ Բայց եթե դրանք մարզված ու ձիգ լինեն, ապա կնպաստեն նաեւ գեղեցիկ քայլվածքի ու ճիշտ կազմվածքի ձեւավորմանը։

Մասնագետները պնդում են, որ հետույքի եւ կոնքերի մկանները մարզելիս մեծանում է նրանց էլաստիկությունն ու տոնուսը։ Այս վարժությունները շատ օգտակար են նաեւ այն կանանց համար, ովքեր մտադիր են երեխա ունենալ, քանի որ դրանք բավականին հեշտացնում են ծննդաբերության գործընթացը։ Բայց հիշեք, եթե որոշ բորբոքային գործընթացներ կամ նորագոյացություններ կան արգանդում, ապա խորհուրդ է տրվում չչարաշահել այսպիս վարժություններ կատարելը։

Ներկայացված տեսանյութերը կարող են մեծապես օգնել Ձեզ այս հարցում։



© NEWS.am STYLE