Երեք ֆիլմ՝ ուրբաթ երեկոյան դիտելու համար. NEWS.am STYLE-ի ընտրությունը

22:05   11 սեպտեմբերի, 2014

Անկասկած, այս ուրբաթ պետք է դիտել ֆանտաստիկ ժանրի ֆիլմերի սիրահար, ռեժիսոր Լյուք Բեսոնի «Լյուսի» ֆիլմը։ Նրանք, ովքեր հավանում են այս ռեժիսորի աշխատանքները (հատկապես «Հինգերորդ էլեմենտ ֆիլմը) հաստատ հիասթափված դուրս չեն գա կինոթատրոնի դահլիճից, քանի որ Ֆիլմը նկարահանելիս Բեսոնը կրկին գործի է դրել իր հարուստ երեւակայությունը։ Ֆիլմի սկզբում հերոսուհին (Սքարլեթ Յոհանսոնը), ով շիկահեր եւ միջին ինտելեկտի տեր անձնավորություն է, հայտնվում է մի խառնաշփոթ իրավիճակում, որի արդյունքում նրան մեծ քանակությամբ թմրանյութ են տալիս, եւ Լյուսին դառնում է «սուպեր-կին»։ Ի դեպ ֆիլմի ռեժիսոր եւ սցենարիստ Լյուք Բեսոնը նշել է, որ ֆիլմի գաղափարը հիմնված է մարդու ուղեղի հնարավորությունների եւ ունակությունների ուսումնասիրության վրա։ Բեսոնի համար բացահայտում է եղել այն փաստը, որ մարդն օգտագործում է իր ուղեղի ընդամենը 10%-ը։ Նա սկսել է մտածել, թե «ինչ կլինի եթե...» ու զարգացրել է այս միտքը։ Արդյունքում, պահպանելով հոլիվուդյան լավագույն ավանդույթները՝ մի ֆանտաստիկ մարտաֆիլմ է ստացվում...

Դրամատիկ ֆիլմերի սիրահարները հաստատ կգնահատեն Ջոն Գրինի գրքի հիման վրա նկարահանված «Աստղերն են մեղավոր» ֆիլմը։Սա մի հուզիչ պատմություն է երկու դեռահասների սիրո մասին։ Գլխավոր հերոսուհին՝ Հեյզլը, քաղցկեղով հիվանդ է։ Նա հանդիպում է Օգաստուսի հետ, ով նրան օգնում է հաղթահարել իր հուսահատությունը: Սիրահարները միասին գնում են ճամփորդության, եւ նրանք համոզվում են, որ կյանքի իմաստը կարելի է փնտրել ու գտնել նրա յուրաքանչյուր մասնիկի մեջ։ Ֆիլմը պատմում է կյանքի, մահվան ու սիրո մասին. երեւույթներ, որոնց վրա աշխարհը «հենվում» եւ շարունակում է իր ընթացքը։

Իսկ նրանք, ովքեր ցանկանում են հանգստյան օրերից առաջ «ստուգել» իրենց նյարդերը, ապա կարող են դիտել «Մայքլ Քինգի մոլուցքը» սարսափ- ֆիլմը։ Սա Դեւվիդ Յունգի առաջին աշխատանքն է՝ նկարահանված պսեւդո-վավերագրական ոճով։ Բավականին մռայլ, ծանր, հոգեբանության վրա ազդող եւ շատ սարսափելի Ֆիլմ։ Գլխավոր հերոսի՝ Մայքլի կինը ավտովթարից մահանում է։ Մինչ այս դժբախտ իրադարձությունը, ընտանիքը պատրաստվում էր գնալ ճամփորդության, բայց հրաժարվել էին այդ մտքից՝ հետեւելով գուշակի խորհրդին։ Մայքլը սկսում է մտածել, որ եթե չլիներ գուշակի խորհուրդը, ապա դեպքը չէր պատահի, եւ նա որոշում է մերկացնել բոլոր էքստրասենսներին, մեդիումներին եւ նման մարդկանց։ Բայց հանգամանքների բերումով նա ինքն է հայտնվում Սատանայի իշխանության տակ...

 

Յուլիա Վարդանյան 



© NEWS.am STYLE