Արքայազն Հարին ավտովթարի է ենթարկվել Լոնդոնի կենտրոնում

14:29   12 սեպտեմբերի, 2014

Երեկ երեկոյան Արքայազն Հարիի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել։ Ինչպես հայտնել է Daily Mail –ը՝ միջադեպը ցնցել է արքայազնին։

Պատահարը տեղի է ունեցել սեպտեմբերի 11ին, երբ Էլիզաբեթ II թագուհու թոռնիկի ավտոշարասյունը մեծ արագությամբ սլանում էր Invictus Games-ի մրցույթին, երբ ոստիկանական ուղեկցող մոտոցիկլը բախվել է մի տաքսիի։

Արդյունքում տուժել է տաքսու վարորդն ու ավտոշարասյան մոտովարորդը։

Ավտովթարի արդյունքում մոտոցիկլի վարորդը մոտ տասը մետր հեռու է «թռչել», իսկ «Տոյոտայի» վարորդը չէր կարողանում դուրս գալ մեքենայից։

Վարորդին մեքենայից դուրս բերելու համար, փրկարարները ստիպված են եղել կտրել մեքենայի տանիքը։ Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց. մոտովարորդին դուրս են գրել հիվանդանոցից, իսկ տաքսու վարորդի վիճակը կայուն է։

Արքայազն Հարին, ով պատահարի ժամանակ եղել է «Range Rover» մեքենայի մեջ, խնդրել է  վարորդին կանգնել, բայց վերջինս, չխախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները, արգելակել է մի քանի հարյուր մետր հեռու։

Արքայազն Հարին չի հեռացել եւ ամբողջ ժամանակ հետեւել է փրկարարների աշխատանքին. «Արքայազնը շատ անհանգիստ է եղել եւ ցանկացել է իմանալ, թե արդյոք բոլորը ողջ են եւ անվնաս։ Նա շատ ուրախ է, որ տուժածները լուրջ վնասվածքներ չունեն եւ գտնվում են կայուն վիճակում»,- ասել է Հարիի մամլո-քարտուղարը։ 



© NEWS.am STYLE