Ինչո՞վ է զբաղվում Լուարան Միացյալ Նահանգներում (ֆոտո)

15:40   13 սեպտեմբերի, 2014

Երգչուհի Լուարա Հայրապետյանին շատերը կհիշեն «Մանկական եվրատեսիլից», երբ 2009-ին Ուկրանիայի մայրաքաղաքում՝ Կիեւում, «Բարսելոնա» երգով ներկայացրեց Հայաստանը՝ գրավելով 2-րդ հորիզոնականը: Երգչուհին շուրջ երեք տարի է, ինչ բնակվում է Միացյալ Նահանգներում: Այս ընթացքում  16-ամյա Լուարան ներկայացրել է մի շարք տեսահոլովակներ:

NEWS.am STYLE-ը զրուցեց երգչուհու հետ՝ իր գործունեության, նոր ծրագրերի եւ այլ շատ հարցերի շուրջ:


Ինչո՞վ ես զբաղվում Միացյալ Նահանգներում:

Հաճախում եմ դպրոց, իսկ դպրոցից հետո տարբեր դասերի՝ պարի, երգի, դաշնամուրի, դերասանական վարպետության: Հասցնում եմ երգեր գրել, ձայնագրվել, նկարահանվել, համերգների մասնակցել:

Նկատել ենք, որ ակտիվ ստեղծագործական շրջան է քեզ մոտ: Ունես արդեն մի քանի տեսահոլովակներ: Պատմի՛ր, նոր ծրագրերիդ մասին:

Շուտով նոր երգեր կլինեն իր պաշտոնական էջերում: Առաջին նպատակս դպրոցը հաջող ավարտելն է: Հաջորդ ամիս մեծ ուրախությամբ բացելու եմ MINDLESS BEHAVIOR խմբի տուռի համերգները: Հիմա աշխատում եմ WALTER AFANASIEFF-ի հետ, ով համաշխարհային շատ հիթերի հեղինակ է: Հուսով եմ հաջող երգեր կծնվեն: Ծրագրեր շատ ունեմ: Ձգտում եմ իրագործել բոլորը:

Քո բոլոր երգերը անգլերեն են: Ինչո՞վ է այն պայմանավորված եւ հետագայում կլինեն հայերեն երգեր:

Այս պահին, այո՛, անգլերեն են, որովհետեւ աշխատում եմ անգլախոսների հետ, բնականաբար այդպես է ստացվում: Իհարկե, հետագայում կլինեն նաեւ հայերեն լեզվով երգեր:

Իսկ ինչպե՞ս ես վերաբերվում քննադատություններին:

Քննադատություններին նորմալ եմ վերաբերվում, որովհետեւ տարբեր մարդիկ, տարբեր ճաշակ ունեն:

Իսկ Հայաստանում քեզ ե՞րբ կարող ենք տեսնել :)

Հույս ունեմ շուտով կգամ Հայաստան, բայց ինձանից կախված չէ:

Լուարա, եթե երգարվեստով չզբաղվեիր, ապա ի՞նչ մասնագիտություն կընտրեիր:

Մայրիկս ինձ հաճախ ասում է ուրիշ մասնագիտություն էլ ընտրի: Ես պատասխանում եմ, որ կարողանում եմ երգեր գրել, երգել, պարել, նվագել: Դրանից այն կողմ ոչինչ չեմ տեսնում եւ չեմ ցանկանում զբաղվել մի բանով, որը չեմ սիրում:

Քո ամենասիրած երգչուհին, որի երգերը լսելիս ոգեշնչվում ես:

Ես ունեմ շատ սիրված երգեր, որոնք պատկանում են տարբեր երգիչների: Այսօր օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել X-Factor նախագծի մասնակից Նարեկ Վարդանյանին եւ Անդրեին «Արի-արի» երգի կապակցությամբ: Այսօր շատ եմ հուզվել այդ երգից: Երեւի, որ Հայաստանն էլ եմ կարոտել դրանից էր: Նարեկին բարեւում եմ, որովհետեւ իրար ճանաչում ենք, շատ մրցույթներում ենք հանդիպել, եւ եթե չի մոռացել հյուր են եկել մեզ՝ իր հայրիկի եւ երղբոր հետ: Այսօր շատ հուզվեցի այդ գեղեցիկ կատարումից: Բարեւներ եմ ուղարկում նաեւ իմ վաղեմի ընկերներին՝ MIKADO խմբին:

Զրուցեց՝ Մելինե Տոնոյանը



© NEWS.am STYLE