Մշակույթի նախարարը, Ուկրաինայի, Չինաստանի, Հնդկաստանի դեսպաններն ու այլք՝ «Հնդկական ֆիլմերի շաբաթի» բացմանը

11:01   17 սեպտեմբերի, 2014

Հնդկական կինոն 100 տարեկան է: Այդ կապակցությամբ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան նախաձեռնությամբ սեպտեմբերի 16-ին մեկնարկել է «Հնդկական ֆիլմերի շաբաթը»: Միջոցառմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն, Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտանը,  Չինաստանի դեսպան Թիան Չանչունը եւ այլք:

Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբունը NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց, որ հնդկական կինոյի շաբաթը ավանդույթ է դառնում. այն արդեն երկրորդ անգամ է անցկացվում Երեւանում:

«Հնդկական կինոն կամ, ինչպես ասում են, Բոլիվուդը, այս տարի դառնում է 100 տարեկան, եւ այդ կապակցությամբ որոշեցինք նախաձեռնել այս միջոցառումը: Հնդկական կինոն նորություն չէ Հայաստանի համար: Շաբաթվա ընթացքում ցուցադրվելու է վերջին շրջանում նկարահանված չորս ֆիլմ, որոնց գլխավոր նպատակն է ժամանցը, ժամանցը եւ կրկին ժամանցը»,- նշեց դեսպանը՝ հավելելով, որ իր սիրելի հնդկական ֆիլմերից է «Բոբին»:

Ինչպես նշեցինք, միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով NEWS. am STYLE-ի հետ զրույցում ասաց, որ իրեն հետաքրքիր է տեսնել, թե ինչ է փոխվել այս տարիների ընթացքում հնդկական կինոյում, որից նախարարը միայն բարի եւ դրական հուշեր ունի:

«Խորհդրային տարիներին հնդկական ֆիլմերը միշտ բարություն, դրական միջավայր եւ տրամադրություն էին բերում: Ժամանակին դրանք լուրջ դերակատություն ունեցան, քանի որ մարդիկ երեւի ուզում էին իրական կյանքում ստանալ իրենց երազածը, որոնք, ըստ էության, տեսնում էին հնդկական ֆիլմերում: Այսօր ինձ հետաքրքիր է հասկանալ, թե հարյուր տարի անց ինչպես է ձեւափոխվել հնդկական կինոն, ինչ է փոխվել կամ իր ավանդույթները ինչպես է պահպանել: Այս կինոշաբաթը հենց դրան է ուղղված, որպեսզի մենք ծանոթանանք ժամանակակից ֆիլմերին եւ հասկանանք, թե ինչ է կատարվել տարիների ընթացքում»:

«Հնդկական ֆիլմերի շաբաթ» ծրագրի շրջանակներում ցուցադրված առաջին ֆիլմը «Վիր եւ Զառա. սիրո պատմություն» ժապավենն էր, որը նկարահանվել է 2004 թվականին: Ֆիլմը պատմում է պակիստանցի քաղաքական գործչի աղջկա եւ հնդիկ օդաչուի սիրո մասին: Հնդկական եւս երեք ֆիլմ կշարունակեն իրենց հաղթարշավը «Մոսկվա» կինոթատրոնում:

Տեքստը եւ լուսանկարները՝ Շուշան Շատիկյանի



© NEWS.am STYLE