Սիրուշոյին ներշնչել է գոմե՞շը. Մանրամասներ երգչուհու նոր երգից

18:50   9 դեկտեմբերի, 2012

Երգչուհի Սիրուշոն մանրամասներ է հաղորդել իր նոր երգի եւ դրա հիման վրա նկարահանվող տեսահոլովակի մասին: Նա «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Իսկ հիմա ամենակարեւորը. այն ինչից սկսվեց ու ծավալվեց այս աշխատանքը, ներշնչանքիս աղբյուրը, որի մեջ մեկ ակնթարթում լսեցի եւ տեսա այն ամենը, ինչ ձեզ կներկայացնեմ մոտ օրերս: Այս ամենը մեկ անվան եւ երգի շուրջ` Կոմիտաս «Լոռվա գութաներգ»: Ձեզ հետ կիսում եմ Գութաներգը հենց Կոմիտասի ձայնով: Իսկ իմ երգը, որն առաջին անգամ կհնչի դեկտեմբերի 10-ին կոչվում է... «ՊռեԳոմեշ»:

Նշենք, որ ավելի վաղ Սիրուշոն գրել էր. «Շատ ուրախ եմ, քանի որ վերջապես դեկտեմբերի 10-ին կհնչի նոր երգս, որից մի քանի օր հետո կկարողանաք դիտել նաեւ տեսահոլովակը։ Մինչ այդ ասեմ, որ երգս այլաբանական իմաստ ունի եւ գլխավոր հերոսը կենդանի է: Փորձեք կռահել, թե որ կենդանին է ինձ ոգեշնչել...»,- գրել է նա` հրապարակելով Կոմիտաս «Լոռվա գութաներգը»:

Հիշեցնենք, որ երգչուհի Սիրուշոն պարբերաբար «Ֆեյսբուքի» իր էջում տեղադրում էր լուսանկարներ նոր տեսահոլովակի նկարահանումներից: Թե ինչ տեսահոլովակ են նկարահանում եւ երբ այն պատրաստ կլինի, երկար ժամանակ գաղտնի էր պահվում:

Ավելի վաղ երգչուհին «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր. «Երեւի արդեն գիտեք, որ նկարահանում ենք տեսահոլովակ: Արդեն մեկ ամիս է, ինչ շնչելու ժամանակ չունեմ. իմ ողջ ուշադրությունը եւ կենտրոնացումը մի գաղափարի շուրջ է, որը ինձ շատ խորն է ոգեշնչել: Այդ գաղափարը վերածվում է երաժշտության, պատկերի եւ շարժման: Բավականին բարդ աշխատանք եւ միեւնույն ժամանակ` շատ հաճելի: Հուսով եմ` կստացվի ճիշտ մատուցել բոլոր պատկերացումներս»: Երգչուհին նշել է նաեւ. «Շատ բան ունեմ ասելու նոր երգիս միջոցով, եւ չեմ համբերում, թե երբ եք այն լսելու...»:



© NEWS.am STYLE