«Համերգային շրջագայությունը նվիրված է լինելու ցեղասպանության 100-ամյակին». Մավր Մկրտչյան

15:35   23 սեպտեմբերի, 2014

Մավր Մկրտչյանը, Սոֆի Մխեյանը, Գուրգեն Դաբաղյանը, Գոհար Հովհաննիսյանը եւ Աղասի Իսպիրյանը պատրաստվում են մեկնել Ռուսաստան` համերգային շրջագայության:

Նշենք, որ սիրված երգիչ-երգչուհինները հանդես կգան 18 քաղաքներում:

«Համերգային շրջագայությունը նվիրված է լինելու ցեղասպանության 100-ամյակին: GM եւ Aram production-ի հետ համատեղ ենք այս նախագիծը կազմակերպել, որտեղ հնչելու են ազգային երգեր: Մեր նպատակն է օտար երկրում ապրող հայությանն ավելի մոտեցնել մեր արմատներին»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Մավր Մկրտչյանը:


Ինչպես նշեց երգիչը՝ «Տեղյակ չեմ իմ կոլեգաները՝ ինչ երգեր են պատրաստել, բայց ես ունեմ 2-3 նոր երգ, որոնք առաջին անգամ կհնչեն շրջագայության ժամանակ: Իհարկե, կլինեն նաեւ հին երգեր»:

Երիտասարդ երգիչը հաճախակի է մեկնում համերգային շրջագայության: Օրեր առաջ Մավրը Հայաստանի մի շարք  մարզերում համերգներ է տվել:

«Թե՛ Հայաստանում ապրող եւ թե՛ օտարերկրում ապրող հայ հանդիսատեսի միջեւ ոչ մի տարբերություն չեմ նկատել: Ամեն տեղ էլ նույն ջերմ ընդունելությունն է եղել, նույն կարոտած հայացքները: Շատ ուրախ եմ, որ համերգներիս տեսնում եմ նաեւ երիտասարդների, ովքեր մեծ հաճույքով ունկնդրում են ազգային երգը: Մեր ազգայինը պահպանելու համար, հավատացեք, շատ բան պետք չէ անել, պարզապես պետք է հեռուստաեթերներով հաճախակի ցուցադրեն ազգային երգեր, որպեսզի գալիք սերունդը ծանոթ լինի»,- ասաց Մավրը:

Երիտասարդ երգիչը իր երկրպագուների համար պատրասվում է նոր տեսահոլովակ ներկայացնել:

«Նոր տեսահոլովակս նախատեսել էի այս սեպտեմբերին ներկայացնել, սակայն համերգային ծրագրերի պատճառով այն հետաձգվեց: Շուտով կլինի պրեմիերան: Իսկ թե ինչ երգ է, չեմ ուզում բացել փակագծերը, թող լինի անակնկալ»,- նշեց Մավրը՝ վերջում հավելելով՝ «Մյուս տարի գարնանը մայրաքաղաքում հնարավոր է, որ հանդես գամ մենահամերգով»:

Զրուցեց՝ Մելինե Տոնոյանը



© NEWS.am STYLE