Երվանդ Երզնկյանն ու Զավեն Սարգսյանն՝ իրենց երիտասարդության եւ մերօրյա երաժշտության մասին

22:30   27 սեպտեմբերի, 2014

«Արգելված գրքեր» շարքի շրջանակներում տպագրված, ժամանակին թեժ եւ բուռն բանավեճերի ալիք բարձրացրած Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկները» վեպի շնորհանդեսին հանդիպեցի կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանին եւ Ս. Փարաջանովի անվան թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանին, ովքեր իրենց կատարումով ողջունեցին շնորհանդեսին ներկա անձանց: Իսկ հետո պատիվ ունեցա զրուցել նրանց հետ, ովքեր ինձ պատմեցին իրենց երիտասարդ տարիների խենթությունների եւ համերգային ծրագրերի մասին:

«Մի քանի տարի առաջ  հեռուստատեսության հաղորդումներից մեկին էինք հրավիրված, որտեղ մեզ ասեցին, որ պետք է մի երգ կատարենք կենդանի ձայնով: Այն ժամանակ մեր խմբից ես էի, Զավենն ու Հակոբը, ով  արդեն մեզ հետ չէ՝ մահացել է: Բացի մեզնից,  մեկ այլ խումբ էլ կար: Մենք ասացինք, որ կերգենք կենդանի ձայնով, չէինք վախենում եւ վստահաբար շատ լավ կատարեցինք, իսկ մյուս խումբը դրեց իր պլյուսն ու երգեց՝ վախենալով, որ իրենց մոտ չի ստացվի: Այս միջոցառմանն էլ շատերը վախեցան՝ ասելով, որ չեն կարողանա: Բայց Զավենը ինձ հետ երգեց: Ողջունելի է, որ այսօր նմանատիպ միջոցառումներ են կազմակերպվում եւ երիտասարդներին ծանոթացնում հին խմբերի գործունեությանը»,- ասաց Երզնկյանը:

Ծնողներս հաճախ են պատմել «Երազողների» մասին, նրանց համերգների, որտեղ ասեղ գցելու տեղ չէր լինում: Նրանք շատ համարձակ էին ու ոչնչից չէին վախենում, նրանք էլ տարրական մասնիկն էին աշխարհը մաքուր էջից կառուցելու գործում:

«Մեր ժամանակներում շատ խմբեր կային: Մի խումբ կար, որոնք երգում էին The Rolling Stones-ի եւ իրենց հեղինակային երգերը: Շատ տաղանդավոր խումբ էր: Մեր խումբը Beatles էր երգում, նաեւ կատարում էինք Կոմիտաս, բայց մեր տարբերակով, որտեղ ակնհայտորեն երեւում էր բիթլզյան շունչը»,- նշեց կոմպոզիտորը՝ ավելացնելով. «Շատ համերգներ ենք տվել՝ Պոլիտեխնիկում, որտեղ եւ սովորել ենք:  Ասեմ, որ շատ դժվար էր սովորելը մեր ժամանակ, եւ, պատկերացրեք, մի կերպ ենք ավարտել: Շատ շատերը դուրս մնացին համալսարանից, բայց ես ու Զավենը ավարտեցինք:  Ինչեւէ, համերգ ենք ունեցել նաեւ Կոմպոզիտորների միության դահլիճում եւ այլ շատ տեղերում, որտեղ մարդիկ դռներն էին ջարդում: Ասեմ, որ մեր առաջին երկրպագուն, ում միշտ տեսնում էինք մեր համերգների առաջին շարքում, Լեոնիդ Ենգիբարով է եղել»:

Պարոն Երզնկյանն այնքան մեծ ոգեւորությամբ ու հույզերով էր պատմում այս ամենը, որ կարծեցի՝  60-ականներում եմ այդժամ: Կոմպոզիտորը մի ցանկություն ունի՝ կրկին համախմբել բոլորին եւ ներկայանալ համերգով:

«Մի քանիսը կան՝ այստեղ չեն, դե, Հակոբն էլ մահացել է, բայց ուզում եմ հավաքել բոլորին եւ համերգ տալ, վերհիշել մեր անցյալը: Ցավոք, այժմ մեր երկրում չեմ տեսնում երգ- երաժշտություն: Հայերեն լեզվով երգելը չի նշանակում, որ դու հայկական երգ ես երգում: Հայկական երգը շատ բարդ է ու միայն Կոմիտասն է երգել այն: Դա է մերը, այլ ոչ թե թուրքական եւ արաբական մուղամներով հայերեն բառերով երգերը»,- հավելեց Երզնկյանը:

Իսկ Զավեն Սարգսյանը նշեց՝ «Մելոդյա ստեղծելը շատ դժվար է: Ինձ համար Մոցարտից, Բախից այն կողմ երաժշտություն չկա, քանի որ այն մնայուն է: Իսկ այսօրվա երաժշտությունը մոռացվում է: Անգամ հեղինակը հաջորդ օրը չի հիշում, ուր մնաց՝ ունկնդիրը»:

Պարոն Սարգսյանը նույնպես վերհիշեց իր երիտասարդությունը՝ խոսելով ուսանողական տարիներին Պոլիտեխնիկում համերգներից, ինչի մասին պարոն Երզնկյանն արդեն պատմել էր: Իսկ նորից խումբը հավաքելու եւ համերգով ներկայանալու մտահաղացման մասին Զավեն Սարգսյան ասաց. «Իմ ցանկությունն էլ է դա: Հուսանք, որ կիրականացնենք: Այսօրվա երիտասարդությանը պետք է ներկայացնել, թե որն է իսկական երաժշտությունը: Շատ տաղանդավոր երիտասարդներ ունենք, սակայն պետք է ճիշտ ուղու վրա դնենք նրանց»:

Զրուցեց՝ Մելինե Տոնոյանը



© NEWS.am STYLE