Ի՞նչ հագնել աշնանը. խորհուրդներ՝ դիզայներ Գեւորգ Շադոյանից

16:20   29 սեպտեմբերի, 2014

Տարվա յուրաքանչյուր եղանակ, ասես, թելադրում է իր ոճն ու գույները, բայց ինչ ընտրել եւ ինչին նախապատվությունը տալ, որոշում ենք ինքներս։ Այդ հարցում հաճախ անհրաժեշտ են լինում մասնագետների խորհուրդները։ NEWS.am STYLE-ը սեզոնի նորաձեւ գույների վերաբերյալ դիմել է դիզայներ Գեւորգ Շադոյանին։

Ահա, թե ինչ է նա խորհուրդ տալիս այս աշնան համար։

«Աշնանը հագուստի մեջ ամենահարմարը տուֆ քարի գույնն է, նրա հետ միասին՝ օխրա դեղինը եւ մուգ կարմիրը՝ նռան գույնը։ Հետաքրքիր կլինի, եթե գեղեցիկ լուծումներով մի քիչ էլ հողային գույներ լինեն հագուստի մեջ՝ կանաչ, սրճագույն..»։

Խոսելով աշնանը պարտադիր համարվող հագուստի եւ աքսեսուարների մասին, Գեւորգ Շադոյանն ասաց, որ ցանկալի է, որ դրանք լինեն վերը նշված գույների մեջ, իսկ աքսեսուարներն էլ չլինեն շատ փայլուն։ «Օրինակ՝  կարող է լինել մի գույնի հարթ հագուստ, վերին հատվածում կոնտրաստ գույնի թեթեւ ժիլետ։ Աքսեսուարներն էլ պետք է ընտրել՝ ելնելով հագուստի կտորի տեսակից»,-նշեց նա։

Դիզայները խորհուրդ է տալիս հագուստ ընտրելիս առաջնորդվել կազմվածքի առանձնահատկություններով։  «Այն, ինչ նորաձեւ է, միշտ չէ, որ համապատասխանում է կանանց մարմնի  կառուցվածքին, մաշկի եւ վարսերի գույնին»,-եզրափակեց Շադոյանը։

Զրուցեց՝ Շուշան Շատիկյան



© NEWS.am STYLE