«Հարի Փոթերի» հետ կապված իրերի ամենամեծ հավաքածուն ունեցող տղան գրանցվել է Գինեսի գրքում

10:41   30 սեպտեմբերի, 2014

Մեքսիկացի իրավաբան 37-ամյա Մենահեմ Աշեր Սիլվա Վարգասը գրանցվել է Գինեսի գրքում «Հարի Փոթերի» հետ կապված իրերի ամենամեծ հավաքածուն ունենալու համար, հայտնել է Fox News-ը։

Իրավաբանը գրեթե 15 տարի հավաքել է Ջոան Ռոուլինգի գլուխգործոցի՝ «Հարի Փոթերի» հետ կապված իրեր։

Նրա հավաքածուն տեղակայված է երկու սենյակում, եւ այնտեղ կարելի է գտնել ամեն ինչ՝ կախարդական փայտիկներ, խաղալիքներ, Գրիֆինդորի շարֆեր եւ այլն։

Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները Վարգասի հավաքածուում գրանցել են մոտ 3097 իր. ի դեպ նախկինում ռեկորդը համարվել էր 807 նմուշը։

Ըստ Վարգասի՝ նա մտադիր չէր այդքան շատ իրեր հավաքել ու ռեկորդ սահմանել, բայց այս գործընթացը անընդհատ շարունակվել է, իսկ հավաքածուն՝ ընդլայնվել։

«Իմ աշխատավարձը, հավելյալ գումարները... ամեն ինչ ներդրված է այստեղ»,-ասել է ռեկորդակիրը։  



© NEWS.am STYLE