«Մեր գրողները ինձ համար հանճար են եւ ամենալավը». Սոնա Շահգելդյանի ամենասիրած գրքերը

21:35   30 սեպտեմբերի, 2014

Ինչպես ասել է Ֆրենսիս Բեկոնը՝ «Գրքերը մտքերի նավեր են, որոնք, թափառելով ժամանակի ալիքների մեջ, խնամքով տանում են իրենց թանկարժեք բեռը սերնդից սերունդ»:

Գիրքը մարդու լավագույն ընկերն է: Յուրաքանչյուրս ունենք մեր սիրած ստեղծագործությունները, որոնք հարազատ են մեզ եւ ինչ-որ բան են փոխել մեր մեջ:

NEWS.am STYLE-ը զրուցեց երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ՝ պարզելով երգչուհու ամենասիրած ստեղծագործությունները:

Սոնա, ի՞նչ է գիրքը Ձեզ համար:

Գիրքը ինձ համար կռվելու, զարգանալու միջոց է: Իմ կարծիքով, բոլորի համար էլ այդպես է: Գիրքը շատ թանկ եւ արժեքավոր բան է: Ցավոք, չեմ կարողանաում շատ ժամանակ հատկացնել՝ գիրք ընթերցելու համար: Դե, եթե ժամանակ ունենում եմ, կարդում եմ եւ պարտավոր եմ կարդալ: Հատկապես դպրոցական տարիքում շատ էի կարդում գրքեր:  Բայց տանը ունենք մեծ հարուստ գրադարան: Ասեմ, որ տատիկս եւ պապիկս շատ են սիրել գիրք կարդալ եւ հենց նրանք են այդ հարուստ գրադարանի հեղինակները: Նշեմ, որ տատիկս  պատմության ուսուցչուհի է՝ շուրջ 40 տարի:

Սիրո՞ւմ եք գիրք նվիրել կամ ստանալ:

Այո, իհարկե սիրում եմ: Ինձ գիրք նվիրել է Ռուբեն Հախվերդյանը՝ հենց իր մասին պատմող գիրք էր եւ Աշոտ Լյուդվիգովիչը՝ համաշխարհային աստղերի մասին գիրքը, որը շատ հետաքրքիր էր:

Կնշե՞ք Ձեր ամենասիրած ստեղծագործությունները, որոնք ինչ-որ բան փոխել են Ձեր մեջ:

Ուիլյամ Շեքսպիր- «Ռոմեո եւ Ջուլիետ» եւ «Համլետ»

Պարույր Սեւակ-  «Անլռելի զանգակատուն»

Գաբրիել Գարսիա Մարկես- «100 տարվա մենությունը»

Ռուբեն Հախվերդյանի մասին պատմող գիրքը

Համաշխարհային աստղերի մասին պատմող գիրքը

Մուրացանի- «Գեւորգ Մարզպետունի»

Գարեգին Նժդեհ

Ավետիք Իսահակյան- «Աբու-Լալա Մահարի»

Նար-Դոս- «Սպանված աղավնի»

Մեր գրողները ինձ համար հանճար են եւ ամենալավը: Ես չեմ ուզում օտարամոլուցքով տառապեմ: Մերը պետք է սիրենք, հիշենք եւ պահենք: Վերոնշյալ գրքերից շատ բան եմ սովորել:

Զրուցեց՝ Մելինե Տոնոյանը



© NEWS.am STYLE