Նորաձեւության շաբաթ Փարիզում. Valentino-ի գարուն-ամառ 2015 գլուխգործոցը

11:37   1 հոկտեմբերի, 2014

Valentino նորաձեւության տան դիզայներներն արժանի են ծափահարության, քանի որ սա ոչ միայն շոու էր, այլեւ գարուն-ամառ 2015 հավաքածուի գեղեցիկ ցուցադրություն։ Եվ այս հիացմունքը պայմանավորված է նրանով, որ ի տարբերություն մյուս ցուցադրությունների՝  Valentino պրետ-ա-պորտեն կարելի է հագնել իրական կյանքում եւ շատ հանգիստ դուրս գալ փողոց։ Բրավո։


Փարիզի Տյուիլրի  այգում այս նորաձեւության տան դիզայներներ Մարիա Գրացիա Կյուրին եւ Պիեռ ՊաոլոՊիչոլին ներկայացրել են էթնիկ ոճով կարված իրենց ստեղծագործությունները։

Valentino-ի ready-to-wear նոր հավաքածուն ունի բվականին հետաքրքիր լուծումներ. այն հարուստ է բազմաթիվ բարդ նախշերով, վառ գույներով եւ գեղեցիկ ուրվագծերով։

Թեթեւ եւ թափանցիկ կտորից կարված զգեստները նրբորեն ընդգծում են մոդելների գեղեցիկ կազմվածքը. հակասական, բայց միեւնույն ժամանակ շատ ճիշտ համադրված ձեռագործ եւ ասեղնագործ հագուստներ, ուլունքներ, մեծ ու ընդարձակ նախշեր... այս ամենի շնորհիվ հավաքածուն վերածվում է իսկական արտ-ստեղծագործության։

Հավաքածուում հիմնականում շեշտադրված էին նուրբ ու պաստելային կապույտ, վարդագույն, մանուշակագույն եւ անգամ դեղին գույները։

Աշխատանքն այնքան նուրբ ու մանրակրկիտ է արված, որ դժվար է հասկանալ, թե հագուստները կամ ժանյակները իսկապես կարված են, թե ամրացված են հենց մոդելի մարմնի վրա։ Ի դեպ, նույն կերպ դիզայներներն աշխատել էին նաեւ ջինսե կտորների վրա՝ լայն տաբատների ծայրերը անկյունային պատկերներ կտրատելով։



© NEWS.am STYLE